Thursday, April 16, 2009

Հայաստանն ու Իրանը պետք է ամրապնդեն երկկողմ և տարածաշրջանային կապերը տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեքշաբթի հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը պետք է ամրապնդեն երկկողմ և տարածաշրջանային կապերը ողջ տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար, հաղորդում է IRNA իրանական լրատվական գործակալությունը։Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: Այս մասին Ահմադինեժադը հայտարարել է Թեհրանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մշակութային ընդհանրություններ ունեցող երկրների միջև փոխգործակցությունը խաղաղության, զարգացման և անվտանգության կհանգեցնի ողջ տարածաշրջանում», - ասել է Իրանի նախագահը։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանի երկրները պետք է ամրապնդեն փոխադարձ կապերը սեփական բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու համար։ «Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող կապերն ունեն խորը արմատներ, դրանք բարեկամական են և շարունակում են զարգանալ», - ընդգծել է Ահմադինեժադը։ Նա ասել է, որ երկու ժողովուրդները պատմության ընթացքում միշտ վստահել են միմյանց և ունեցել են բարեկամական հարաբերություններ։ Շնորհակալություն հայտնելով իր հայ գործընկերոջը Իրան այցելելու համար՝ Ահմադինեժադը կողմերի միջև ընթացող բանակցություններն ու համաձայնությունները որակել է որպես լավ և կառուցողական։ «Մենք պետք է ամրապնդենք մեր համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակի վրա», - հայտարարել է Ահմադինեժադը՝ ավելացնելով, որ հայ-իրանական հարաբերությունների հեռանկարները խոստումնալից են։ Խոսելով Իրանում հայկական համայնքի կարգավիճակի մասին՝ Իրանի նախագահը նշել է, որ «նրանք կիսում են մշակույթը, քաղաքակրթությունն ու շահերը իրենց մուսուլման հայրենակիցների հետ»։ «Իրանի հայկական համայնքը, ինչպես այլ իրանցիներ, պաշտպանում է երկրի անկախությունը, մշակույթը, քաղաքակրթությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասել է նա։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ասել է, որ իր այցը Իրան կօգնի երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը։ «Համագործակցության և փոխըմռնման մասին ութ հուշագրերի ստորագրումը Իրան կատարած իմ այցի արդյունքների վառ ապացույցն է», - ասել է Սարգսյանը։ Նա նշել է, որ երկու երկրներն էլ ի վիճակի են ամրապնդել և ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը երկկողմ կապերի ամրապնդման և համախմբման համար։ Հայտարարելով, որ հայ-իրանական հարաբերությունների ապագան խոստումնալից է՝ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հայկական համայնքի և նրա մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրության համար։

No comments: