Thursday, April 16, 2009

Հայաստանն ու Իրանը կարևորել են երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների փոխգործակցությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին կարևորել են երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների սերտ փոխգործակցությունը։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ Ինչպես չորեքշաբթի տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախօրեին ՀՀ նախագահն ու Ջալիլին քննարկել են երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունները, որոնք դինամիկ զարգանում են Հայաստանի անկախությունից ի վեր, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և համագործակցության հագեցած օրակարգը: Զրուցակիցները բարձր են գնահատել էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսության ու այլ ոլորտներում արձանագրված հաջողությունները և վստահություն հայտնել, որ նախատեսվող խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կնպաստի հայ-իրանական բարեկամության հետագա խորացմանը: Թեհրանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության Հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ։ Սարգսյանն ու Իրանի Հոգեւոր առաջնորդը վստահություն են հայտնել, որ միայն խաղաղության, կայունության և փոխշահավետ համագործակցության վրա խարսխված տարածաշրջանը կարող է բարգավաճում ու զարգացում բերել այնտեղ ապրող բոլոր ժողովուրդներին։ Բարձր գնահատելով Սեյյեդ Ալի Խամենեիի ավանդը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում՝ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իրանի Հոգևոր առաջնորդին՝ Իրանում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պահպանման հարցում ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար։ Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը, ամփոփելով երկօրյա քննարկումները, հրավիրված մամուլի ասուլիսում բարձր են գնահատել պաշտոնական այցի արդյունքները, ինչի վկայությունը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և բանկային ոլորտներում համագործակցության ու խոշորածավալ ծրագրերի իրականացման մասին երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրված համաձայնագրերն են: Պաշտոնական այցի շրջանակում Սերժ Սարգսյանը այցելել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր-առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի դամբարան, ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին ու գրառում կատարել դամբարանի պատվավոր հյուրերի մատյանում: ՀՀ նախագահի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած երկօրյա պաշտոնական այցըն ավարտվել է իրանահայ համայնքի շուրջ 3000 ներկայացուցիչների հետ Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցած ջերմ հանդիպմամբ ու ելույթով:

No comments: