
HayInfo. 29-4-2009- Թուրքական Hurriyet Daily News պարբերականը տպագրել է Եվրոպական կայունության նախաձեռնության վերլուծաբան Տիգրան Մկրտչյանի հոդվածը: Այն թարգմանաբար ներկայացված է ստորև:
Հայաստանում, Թուրքիայում և ողջ աշխարհում հայերն ու թուրքերը մի քանի ամիս սպասում էին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինչ գնահատական կտա 1915թ. իրադարձություններին։ Օբամայի կողմից 1915թ. իրադարձությունները բնութագրելիս հայերեն «Մեծ եղեռն» եզրաբանության օգտագործումը պակաս ուղղակի էր, քան նախագահ Ռեյգանի 1981թ. ապրիլի 22-ի հայտարարությունը, և մեկ քայլ առաջ էր, քան Ջորջ Բուշի կողմից 2003թ. և 2005թ. ապրիլքսանչորսյան հայտարարություններում այս բառեզրի անգլերեն կիրառումը («Մեծ աղետ», անգլ. Great Calamity)։
Վերջին մի քանի ամիսներին Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի նախագահ ընտրվելուց և Աբդուլլահ Գյուլի ջերմ շնորհավորանքներից հետո, որոնց հաջորդեցին երկու երկրների վարչապետների և արտգործնախարարների միջև նմանատիպ նամակագրությունն ու ֆուտբոլային քաղաքականության բանակցությունները, երկու երկրների ժողովուրդներն անհամբեր սպասում էին, թե ուր կտանեն այս բանակցությունները։
Միշտ չէ, որ բանակցային գործընթացը եղել է հարթ և առանց խոչընդոտների։
Հայերին հետաքրքրում էր սահմանի բացման և առանց նախապայմանների, այդ թվում՝ որպես նախապայման Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը չհիշատակելը, հարաբերությունների կարգավորման վերջնական արդյունքը։
Շահագրգռված լինելով հարաբերությունների կարգավորմամբ՝ թուրքական կողմը, այդուհանդերձ, հաճախ էր բարձրացնում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը որպես դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և Հայաստանի ու Թուրքիայի՝ 1993-ից ի վեր փակված սահմանը բացելու նախապայման։
Թեև Հայաստանի նախագահ Սարգսյանն ու արտգործնախարար Նալբանդյանը նշեցին, որ Ղարաբաղի թեման բանակցությունների մաս չի կազմում, Թուրքիայի վարչապետ Էրդողանը չդադարեց հստակեցնել հարցի վերաբերյալ Թուրքիայի կառավարության դիրքորոշումը։
Միանգամայն հավանական է, որ Թուրքիան կրկին Ղարաբաղի հարցն առաջ է քաշել այն բանից հետո, երբ չհաջողվեց երաշխիքներ կորզել Օբամայի վարչակազմից, որ նա 1915թ. իրադարձությունները չի բնութագրի որպես Հայոց ցեղասպանություն կամ Կոնգրեսը չի շարունակի աշխատել Ցեղասպանության վերաբերյալ մեկ այլ բանաձևի ուղղությամբ։
Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտգործնախարարների ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունն արձանագրում է, որ կողմերը համաձայնության են եկել իրենց երկկողմ հարաբերությունները կարգավորելու համընդգրկուն փոխընդունելի շրջանակի շուրջ։ Սահմանվել է ճանապարհային քարտեզ։
Հանկարծակիի եկած՝ Հայաստանում և Սփյուռքում շատերը, այդ թվում՝ Հայաստանում կոալիցիոն կառավարության մասը կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը կամ ՀՅԴ-ն, այն տպավորությունն ունեն, որ այդ հայտարարությունը պետք է որ ԱՄՆ նախագահին հետ պահած լինի ամերիկահայերին տված իր նախընտրական խոստումը կատարելուց։
ՀՅԴ-ն որոշեց դուրս գալ կոալիցիոն կառավարությունից՝ չհամաձայնելով կոալիցիայում իր նախկին գործընկերոջ, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի մարգարեական այն հայտարարությանը, թե «ճիշտ է այն ամենը, ինչ անում է Հայաստանի կառավարությունը»:
Մյուս կողմից՝ Հայաստանի նախագահը կարծում է, որ այս հայտարարությունը Հայոց ցեղասպանության հարցը առավել, քան երբևէ աշխարհով մեկ լայնորեն լուսաբանվող թեմա դարձրեց։ Նախագահն ավելացրեց, թե թուրքերի հետ հարաբերությունների հաստատումը չի խոչընդոտում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։
Կոալիցիայի երկրորդ ամենամեծ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ակնարկեց, որ դուրս կգա կոալիցիայից, եթե Թուրքիայի նախաձեռնությամբ բանակցություններում որևէ նախապայման ի հայտ գա։ Այսպիսով, հայերի մեջ մեծ անջրպետ է առաջացել այս հարցի շուրջ։
Ցեղասպանության միջազգային ճանաչումը նշանակում է, որ այն օտար երկրների կառավարությունների օրենսդիր և գործադիր ճյուղերի կամ միջազգային կազմակերպությունների աջակցությունն է ստանում։
Թուրքիան հսկայական ճնշում է գործադրել ԱՄՆ-ի վրա և մեծ ջանքեր գործադրել, որ ԱՄՆ նախագահին հետ պահի «ցեղասպանություն» բառեզրն օգտագործելուց։
Հայաստանի կառավարությունը, որը ձգտում է առանց նախապայմանների հարաբերությունների լիակատար կարգավորման, այս անգամ օգնեց Թուրքիային։ Հայաստանի կառավարությունն Օբամային ակնհայտորեն լիարժեք պատրվակ ընձեռեց, որպեսզի վերջինս խուսափի իր նախընտրական խոստումը կատարելուց։
Բայց դա հենց այնպես չի արվել։
Սերժ Սարգսյանը կոնկրետ նշեց բանակցությունների ժամանակացույցը։ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև 2009թ. հոկտեմբերին կայանալիք պատասխան խաղը բանակցությունների վերջնաժամկետն է։ Եթե մինչ այդ չհաջողվի գործարք ստորագրել, և հարաբերությունները լիովին չկարգավորվեն, ապա դա կհանգեցնի բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալուն։
Շատ հավանական է, որ գալիք ամիսներին բանակցությունները շարունակվեն, և հայերն ակնկալում են, որ թուրքական կողմը չի ձախողի դրանք՝ Ադրբեջանի ճնշման տակ հետաձգելով հարաբերությունների լիակատար կարգավորումը։
Նույնիսկ եթե կարճաժամկետ հեռանկարում Անկարան որևէ կոշտ հայտարարություն անի (այդ թվում՝ ցանկացած հայտարարություն Ղարաբաղի հարցի շուրջ), ապա քաղաքական ներքին ճգնաժամում դա կարող է անուղղելի շրջադարձ մտցնել, իսկ բանակցային գործընթացը միանգամայն հնարավոր է, որ ընդհատվի։
Երկու կողմերի համար էլ մեկ այլ չլուծված հարց է շարունակում մնալ Հայոց ցեղասպանության ուղղությամբ վարվող քաղաքականությունը։
Հայաստանը հայտարարել է և բազմիցս կրկնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական հարց է։ Բոլորին է պարզ, որ Թուրքիան հնարավոր ամեն ինչ արեց՝ թույլ չտալու, որ ԱՄՆ-ում դա հիմա տեղի ունենա։
Թե ի՞նչ կլինի ապագայում, դեռ պարզ չէ, և պետք է բանակցությունների ընթացքում պարզվի, թե Թուրքիան և Հայաստանն ինչպես են շարունակելու ցեղասպանության ուղղությամբ իրենց քաղաքականությունը, երբ սահմաններն արդեն բաց լինեն։
Մեկ այլ վաղեմի հարց է այն, թե բարոյական ասպեկտից բացի՝ Հայաստանի կառավարությունն ուրիշ կոնկրետ ի՞նչ է ակնկալում Ցեղասպանության ճանաչումից։ Սրանք հարցեր են, որոնք անհապաղ պարզաբանման կարիք ունեն՝ հետագայում դիվանագիտական գլոբալ մասշտաբի սկանդալներից խուսափելու համար։Այդ մասին գրում է Կապիտալը
No comments:
Post a Comment