Friday, April 10, 2009

Ադրբեջանում Հայաստանի շրջափակման նոր միջոցներ են փնտրում

Tert.am. 9-4-2009- Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Ադրբեջանն ամեն դեպքում բավական հաղթաթղթեր ունի իր ազգային շահերը պաշտպանելու համար: Նման կարծիք 1news.az-ին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաևը: Նա նշել է, որ սահմանի բացումը թույլ կտա Հայաստանին Թուրքիայի օգնությամբ ավելի վստահ զգալ: Ադրբեջանը, ըստ Աղաևի, տնտեսական առումով կորցնում է իր առավելությունը Հայաստանի նկատմամբ և ստիպված է ուղղումներ մտցնել արտաքին քաղաքականության մեջ, որը վարում էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: «Բացի այդ, սահմանի բացման դեպքում Արևմուտքը և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում հանգելու են նրան, որ Թուրքիան փոխզիջումային դիրքորոշում է զբաղեցրել Հայաստանի հանդեպ, և մենք նույնպես պետք է հետևենք այդ օրինակին»,- նշել է քաղաքագետը: Ռասիմ Աղաևն առաջարկում է «օգտագործել հնարավորությունները Վրաստանի ուղղությամբ», որը, ըստ վերջինիս, նույնպես խնդիրներ ունի Հայաստանի հետ: «Ադրբեջանի և Վրաստանի ընդհանուր շահերը կարելի է օգտագործել Հայաստանի շրջափակման համար և դժվարություններ ստեղծել, այդ թվում՝ տնտեսության և քաղաքականության ոլորտներում»,- հավելել է ադրբեջանցի քաղաքագետը:

No comments: