
/PanARMENIAN.Net/ 21.04.2009 - Ապրիլի 21-ին Հայաստանի Ազգային արխիվում բացվել է Ադանայի հայերի կոտորածի100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես: Հասարակայնությանը ներկայացվել են ավելի քան 100 միավոր փաստաթղթեր եւ լուսանկարներ, որոնք վկայում են 20-րդ դարի սկզբին Կիլիկիայում տեղ գտած իրադարձությունների մասին: Բացելով ցուցահանդեսը` ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշել է, որ Ադանայի եւ ողջ Կիլիկիայի հայության ոչնչացումը ոչ առաջին եւ ոչ էլ վերջին հանցագործությունն էր, որն իրագործվեց Օսմանյան Թուրքիայի հայ բնակչության հանդեպ: «Մեր արխիվներում պահվող փաստաթղթերում եւ լուսանկարներում ներկայացված են ինչպես Ադանայի բնակչության ջարդերը, այնպես էլ Կիլիկիայի հայերի դրությունը քսաներորդ դարի սկզբին»,- ընդգծել է նա:
Ազգային արխիվի տնօրենը մատնանշել է, որ հենց այժմ, երբ ակտիվորեն քննարկվում է հայ-թուրքական սահմանի բացման հարցը, նման միջոցառումների անցկացումը հատկապես կարեւոր է: «Մենք պետք է շատ ուշադիր եւ զգույշ լինենք, եւ յուրաքանչյուր քայլ, որը մենք կատարում ենք Թուրքիային ընդառաջ, պետք է կշռադատված եւ մտածված լինի»,- նշել է Ամատունի Վիրաբյանը:
Երեւանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր հերթին մատնանշել է, որ Կիլիկիայի հայությունը երեք անգամ ենթարկվել է ցեղասպանության` 1909-ին, 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ եւ 1918թ. արդեն այն թուրք առաջնորդների ձեռքով, ովքեր դարձան ներկայիս Թուրքիայի հիմնադիրները:
Շոշափելով այն պնդումը, որ հայկական արխիվները Հայոց ցեղասպանության մասին սահմանափակ քանակությամբ նյութեր են պարունակում, եւ որ հենց այդ փաստն է խանգարում հայկական կողմին համապատասխան կերպով դիմակայել ժխտման թուրքական քաղաքականությանը, Հայկ Դեմոյանը հայտնել է. «Այսօրվա ցուցահանդեսը ցույց տվեց, որ դա այդպես չէ»:
No comments:
Post a Comment