
«Ազատություն» 23-4-2009- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Ռուսաստանի նախագահի մերձմոսկովյան նստավայրում` Դավիդովոյում, սկսվել է երկու պետությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, որ ուրախ է հերթական անգամ տեսնել հայաստանցի գործընկերոջը: Նա նշել է, որ այս տարի իրենք արդեն երկու անգամ են հանդիպում, իսկ անցած տարի եղել է վեց երկկողմ հանդիպում: Ռուսաստանի նախագահը շատ ջերմորեն է արտահայտվել հայ - ռուսական հարաբերությունների մասին:Սերժ Սարգսյանը նույնպես խոսել է հայ - ռուսական հարաբերությունների մասին, ապա անդրադարձել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` անցած շաբաթ Մոսկվա կատարած այցին: Հայաստանի նախագահի խոսքերով` այն հայտարարությունը, որ Դմիտրի Մեդվեդեւն արել է Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո, վկայում է, որ հայ - ռուսական հարաբերությունները մնացել են անփոփոխ, եւ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու Ղարաբաղի հարցում ճիշտ դիրքորոշում ունի: Սերժ Սարգսյանը մեջբերել է Ռուսաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բոլոր միջազգային սկզբունքների հիման վրա:Այսօրվա հանդիպման օրակարգում երկու հիմնական հարց է` Ղարաբաղյան խնդիրը եւ հակաճգնաժամային ծրագրերը, այն օգնությունը, որ Հայաստանը պետք է ստանա Ռուսաստանից: Նախագահները քննարկելու են նաեւ տարածաշրջանային խնդիրներ:Հանդիպումը սկսելիս Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները չեն խոսել հայ - թուրքական հարաբերությունների մասին, բայց ենթադրվում է, որ այդ հարցը նույնպես կլինի նախագահների օրակարգում:
Ազա Բաբայան
No comments:
Post a Comment