
HayInfo- 28-4-2009- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկուշաբթի ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պատմական է համարել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին ՀՀ-ի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարությունը։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան
Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:
«Պետքարտուղար Քլինթոնը, ողջունելով Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարությունը՝ այն բնութագրեց որպես պատմական քայլ երկու երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու ճանապարհին»,- ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած զրույթի ընթացքում քննարկվել են նաև Ղարաբաղյան կարգավորման հարցեր։
«Քլինթոնն իր աջակցությունն է հայտնել Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում անցկացվող բանակցային գործընթացին՝ հույս հայտնելով, որ այն առաջընթաց կապրի»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։
No comments:
Post a Comment