Friday, April 24, 2009

ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԱՐՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Lragir 24-4-2009- Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միլիոնավոր հայեր` Հայաստանում եւ արտերկրում, հարգում են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը: 20-րդ դարասկզբի Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5-2 միլիոն հայ: Սակայն 2009 թվականին ապրիլի 24-ը նշվում է բոլորովին այլ մթնոլորտում, քան նախորդ տարիներին: Ցեղասպանության 94-րդ տարելիցը նշվում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի պայմաններում, իսկ տարելիցի օրվա նախօրեին Հայաստանն ու Թուրքիան հանդես եկան արտգործնախարարությունների համատեղ հայտարարությամբ, ուր խոսվում էր հաշտեցման բանակցության առաջընթացի, փոխընդունելի համաձայնության եւ այդ համատեքստում “ճանապարհային քարտեզի” մշակման փաստի մասին: Թեեւ այդ հայտարարությունն ու ճանապարհային քարտեզը բովանդակային կոնկրետության առումով բավական փակ են հասարակության համար, այդուհանդերձ ցեղասպանության տարելիցին այդ մասին պաշտոնական հայտարարություն անելը թուրքական դիվանագիտության համար թերեւս միարժեք հաղթանակ է, իսկ հայկական դիվանագիտության համար եթե ոչ պարտություն, ապա առնվազն մեծագույն վրիպում: Նկատի ունենալով ցեղասպանության հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի հետ հաշտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ Հայաստանը որոշակիորեն արդարացրեց ցեղասպանության հարցում Թուրքիայի կեցվածքը: Թե որքանով էր արդարացի Հայաստանի այդ քայլը, կերեւա արդեն ապրիլի 24-ից հետո: Եթե դրանից հետո կարճ ժամանակամիջոցում հայ-թուրքական հարաբերությունն առանց որեւէ նախապայմանի արձանագրի առարկայական առաջընթաց, ապա հնարավոր կլինի ասել, որ Հայաստանի իշխանությունն արդարացիորեն է ապրիլի 24-ի նախօրեին հանդես եկել հատության համատեղ հայտարարությամբ: Բանն այն է, որ ցեղասպանության խնդիրն ազգային պահանջ է, հիշողություն, արժանապատվություն, սակայն այն չպետք է դարձնել պետական քաղաքականության առանցք, քանի որ այդ քաղաքականությունը առավելապես պետք է հիմնվի ռացիոնալ հաշվարկների վրա, որոնք երբեմն կարող են առաջին հայացքից հակասության մեջ մտնել ազգային զգացումների հետ: Սակայն պետական քաղաքականությունը երբեք չպիտի իրականացվի ազգային զգացումների հաշվին, առավել եւս երբեք չպիտի նպաստի այդ զգացումների ոտնահարմանը: Հայաստանի պետական քաղաքականությունն այս, այսինքն հայ-թուրքական համատեղ հայտարարության դեպքում կարծես թե առնվազն արել է հենց այդ բանը:Էլ ինչ է արել Հայաստանի պետական քաղաքականությունը, ինչ է իրենից ենթադրում ճանապարհային քարտեզ կոչված համաձայնությունը, ինչ առաջընթացի մասին է խոսքը հայ-թուրքական բանակցության մեջ, թերեւս այլ օրվա խոսակցության թեմա է:

No comments: