
Panorama.am - 30-4-2009- «Ես մանրամասներ չունեմ «ճանապարհային քարտեզի» մասին: Հետևում եմ թուրքական թերթերին, ու արձանագրել եմ այն փաստը, որ յուրաքանչյուր թերթում տարբեր բաներ են գրված: Իսկ սա նշանակում է, որ նրանց ինֆորմացիան Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից չի»,- ««Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին» խորագրով հասարակական քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:Հայ-թուրքական գործընթացի մեջ թուրքագետին մտահոգող մի քանի հանգամանքեր կան: Նախ նրան մտահոգում է այն փաստը, որ բանակցությունների սկզբնական փուլում Թուրքիան ոչ մի նախապայման չի առաջադրում, իսկ բանակցությունների զարգացմանը զուգընթաց այլ ձևակերպումներով նախապայմաններ են ներկայացնում: «Ստացվում է` ներքաշել բանակցությունների մեջ, որից հետո նոր առաջադրել նախապայմաններ»,- ընդգծեց Հ. Չաքրյանը:Նրան մտահոգում է նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապի պետի հայտարարությունը, ով կրկնում էր վարչապետ Էրդողանի այն միտքը, թե «քանի դեռ Ղարաբաղի հարցը չլուծվի, սահման չենք բացի»:«Եթե երկու հարևան պետություններ հարաբերություններ հաստատելու համար առաջ են քաշում նախապայմաններ, դա միջազգային պրակտիկայում համարվում է ակնհայտ թշնամություն: Ակնհայտ թշնամություն է համարվում նաև այն, որ եթե հարևաններից մեկը շրջափակում է մյուսին` հանուն երրորդ պետության»,- ասաց թուրքագետն ու ընդգծեց, որ Թուրքիան ոնց որ առայժմ չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ 1991 թվականից որդեգրած թշնամական քաղաքականությունից:Ըստ նրա, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում իր դերակատարությունը կարող են ունենալ միջազգային ուժերը, սակայն. «Նրանք էլ նախաձեռնություններ ունեն: Ավելին` նախաձեռնությունը ոչ թե մեր ձեռքում է, այլ միջազգային ուժերի: Սա էլ երրորդ մտահոգիչ հանգամանքն է»:
No comments:
Post a Comment