Friday, May 1, 2009

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ

(ԿԱՄ` ՈՐՏԵՂ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ)
Կոալիցիայից դաշնակցականների դուրս գալը բազմաթիվ մեկնաբանությունների, կանխատեսումների և ասեկոսեների տեղիք տվեց: Ոմանք ասում են, թե դաշնակցականները հեռացել են, որպեսզի վերադառնան Քոչարյանի հետ: Մյուսներն ասում են, թե մայրաքաղաքային ընտրությունների նախօրեին դաշնակցականները գնացին ընդդիմություն` առավել ձայներ հավաքելու նպատակով: Ոմանք էլ հավատում են դաշնակցականների անկեղծությանը և վստահում են ՀՅԴ Գերագույն մարմնի պաշտոնական հայտարարության տեքստին, որտեղ ասված է, թե կուսակցությունը լքում է իշխանությունը` արտաքին քաղաքականության հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Թերևս, այս կարծիքներից յուրաքանչյուրն իրական հիմք ունի. իսկապես, չի կարելի ժխտել, որ Ռոբերտ Քոչարյանը դաշնակցականների համար շատ ավելի հարմար նախագահ էր, քան պետության ներկա ղեկավարը: Ուրեմն, ինչո՞ւ չփորձեն վերադարձնել իրերի նախկին վիճակը:
Այսօր դաշնակցականների շուրջ ծագած կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, այնպես որ` կարելի է ավելի հանգիստ խոսել նրանց նման պահվածքի իրական պատճառի մասին: Այն պետք է փնտրել այլ հարթությունում, այսինքն` քաղաքական այդ կազմակերպության հենց էության մեջ, կուսակցություն, որը, ինչպես և անվանումը, աներեր է մնացել հիմնադրման օրից: Սա լուրջ հարց է, սակայն չենք խորանա դրա մեջ: Պարզապես ներկայացնենք երկու մեջբերում, իսկ մեկնաբանությունները թողնենք ընթերցողների դատին:
1920թ. դաշնակցականների առաջնորդ Սիմոն Վրացյանը գրում էր. «Այսօր մենք երկու իրական ուժ ունինք մեր կողքին, մեկը Սովետական Ռուսաստանն է, միւսը Թուրքիան: Միւս ուժերը մեզանից շատ հեռու են: Առաջինի հետ, ինչպես ցույց տուեց դառը փորձը, հաշտուել չենք կարող. մենք պետք է հաշտուենք ու բարեկամանանք միւսի հետ: Այդ անհնարին չէ, որովհետև մենք և թուրքերը ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխութեամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով» (Սիմոն Վրացյան, «Կեանքի ուղիներով», հատոր Զ, էջ 46): Իսկ մյուս բազեն` Ռուբեն Տեր-Մինասյանը, կրկնում էր նրա հետևից. «Դաշնակցության նպատակն է՝ Թուրքը պաշտպանել Ռուսի դեմ»: Նշենք, որ նման մտքեր դաշնակցական առաջնորդները հայտնում էին 1920թ., այսինքն` Հայոց ցեղասպանության իրականացման ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ, ցեղասպանություն, որը, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել 1915-1923թթ.: Այն ժամանակ` մոլեգնող ազգային ողբերգության պահին իսկ, դաշնակցականները պատրաստ էին եղբայրանալ թուրքերի հետ: Իսկ այսօր` 94 տարի անց, երբ հայությանն աշխարհում ոչինչ չի սպառնում, բացի իրենցից` հենց հայերից, դաշնակցականների առաջնորդները հայտարարում են հետևյալը. «Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետության ազգային անվտանգության ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է: Սա դիտարկվել է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում: Այս առումով, ինչպես արդեն հայտարարել ենք, մեզ համար անընդունելի ու դատապարտելի էր ապրիլի 24-ի անմիջական նախօրեին և Թուրքիայի ղեկավարների հակահայկական, նախապայմաններ թելադրող կեցվածքների համատեքստում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության ընդունումը: Ունենք նաև սկզբունքային տարաձայնություններ Հայաստան-Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ ՀՀ-ի իշխանությունների դիրքորոշման հարցում: Այդ դրույթների վերաբերյալ ամբողջական տեսակետները կարտահայտենք դրանց հրապարակային քննարկումների ժամանակ»: Հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ 1920 և 2009թթ. դաշնակցականների մոտեցումների տարբերության հարցը թողնում ենք բաց: Կարծում եմ` չնախատրամադրված ընթերցողը ճիշտ եզրահանգում կանի: Իսկ մենք ժամանակ և առիթներ դեռ կունենանք վերլուծելու դաշնակցության էությունը: Հույս ունենք բեղմնավոր բանավեճ ծավալել այս հարցի շուրջ: Սակայն, այնուամենայնիվ, չեմ կարող ձեռնպահ մնալ դաշնակցականների, այլ նացիոնալիստների ու հայրենասերների հետ առանցքային մի կետի շուրջ բանավիճելուց: Բանն այն է, որ 1915թ. Ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման հարցը չի կարող ռազմավարական լինել ազգային անվտանգության տեսակետից, և հայերը պետք է հասկանան դա, քանի որ ապրում ենք արդեն 21-րդ դարում: Բանն այն է, որ Ցեղասպանությունը չի ժխտվում համաշխարհային քաղաքական պատմության կողմից, և չկա աշխարհում ազգային և ոչ մի պատմագրություն (բացի թուրքականի ու ադրբեջանականի), որում Ցեղասպանությունը կասկածի տակ է առնվում: Եվ չկա աշխարհում որևէ պետություն, որտեղ չեն ընդունում կամ չեն դատապարտում Ցեղասպանության փաստն ինքնին: Ուրեմն, ի՞նչ է պակասում լիակատար երջանկության համար: Հայերը պետք է հստակ գիտակցեն նաև ազգային անվտանգության սպառնալիքները և դրանց ակունքները: Իսկ իրականությունն այն է, որ այսօր, ինչպես և վերջին հարյուրամյակների ընթացքում, հայերի համար աշխարհում ավելի մեծ սպառնալիք չի եղել, քան հենց իրենք` հայերը: Հայերն էին, և ոչ թե մեկ ուրիշը, որ 1990-ականների սկզբին ֆեոդալականացրին սեփական անկախ պետությունը, սկսեցին կառուցել մասնավոր բանտեր հայերին բանտարկելու և խոշտանգելու համար (ընդ որում` Հայաստանի տարածքում) և զբաղվել այլևայլ այլանդակություններով: Հայերն էին, և ոչ թե մեկ ուրիշը, որ հիմնահատակ կողոպտեցին սեփական պետությունը: Եվ վերջապես, հայերն էին, և ոչ թե մեկ ուրիշը, որ պետության սուբստանցը` հանրային բարոյականությունը, իջեցրին մինչև վտանգավոր նշագիծը, որից այն կողմ պետությունը կարող էր դադարել գոյություն ունենալուց (էլ չեմ խոսում Լևոն Տեր-Պետրոսյանի գժերի աղանդի մասին, որը նույնպես զուտ հայկական արտադրանք է): Ուրեմն, ազգային անվտանգության տեսակետից ի՞նչն է ռազմավարական. 1915թ. Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտո՞ւմը, թե՞ ազգային ինքնադաստիարակումը` 1990-ականների այլասերվածությունը ապագայում վերացնելու և կանխելու հեռանկարով: Դաշնակցականները նախընտրում են առաջինը, իսկ առողջ բանականությունը կընտրեր երկրորդը: Հուսանք, որ առողջ բանականությունը երբևէ կհաղթանակի Հայաստանում, և այդժամ ո՜չ կոալիցիաների, առավել ևս` դաշնակցականների մասնակցությամբ, ո՜չ, հետևաբար, դրանցից դուրս գալու և այդտեղից բխող քաղաքական ավելորդ շահարկումների կարիքը չի լինի: ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: