
Panorama.am - 30-4-2009- «Ապրիլի 23-ին հրապարակվել է իր բովանդակությամբ անհայտ, սակայն ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»,- ««Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին» խորագրով հասարակական քննարկման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Ըստ նրա, ապրիլի 24-ի նախօրեին այդ հայտարարության հրապարակումը կատարվել է Թուրքիայի պահանջով մի քանի պատճառներով` «փորձում է ստվերել հայերի համար ապրիլի 24-ի խորհրդանշական բովանդակությունը, նվաստացնել հայության ազգային արժանապատվությունը, բարոյապես նախապատրաստել հայ ժողովրդին ազգային շահերից և նպատակներից հետագա նախագծված հրաժարմանը, ինչպես նաև, համաձայնագիրը նպաստել է, որ ԱՄՆ նախագահը չգործածի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը» և այլն: «Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլիացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին` Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօերին, այդ կապիտուլիացիայի առաջին ակտն է: Այս ծրագրի մաս կարող է լինել նաև Հայաստանի ազատազրկված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը, ինչի մասին են վկայում են վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- ասաց նա: Նրա խոսքով, 2009-ի ապրիլի 23-ին հայ ժողովուրդը զարթնել է այլ Հայաստանում, «մի երկրում, որը հայտնվել է թշնամում դիվանագիտական և գաղափարական ճիրաններում»: Նա առաջարկում է իրականացնել հետևյալ քայլերը. «Հայաստանի արտգործնախարարի հրաժարական, հայ-թուրքական, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» անհապաղ դենոնսացիա, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցնում, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցում»:
No comments:
Post a Comment