
Lragir 1-5-2009- Նկատի ունենալով, որ կան ընթերցողներ, որոնք չեն կարդացել նախորդ երկու հրապարակումները, հիշեցնեմ, որ նյութի եւ հատկապես վերնագրի համար առիթ ծառայեց “վերակառուցման” տարիների մի պատմություն, երբ Ազգային գրադարանում հրապարակայնության արշալույսը բացել էր նախկինում փակի տակ գտնվող գրքերը, իսկ լրագրողներից մեկն էլ խմբագրի հանձնարարականով պարզելով, թե ինչ գրքեր են եղել մինչ այդ փակի տակ, իմացել էր, որ գրքերի մեջ է նաեւ սփյուռքում գրված մի գրքույքկ` “Դաշնակ զարկելու ձեռնարկ” վերնագրով:
Արեւմտահայերեն դա նշանակում է ոչ թե դաշնակ խփելու ձեռնարկ, այլ դաշնամուր նվագելու ձեռնարկ: Բանն այն է, որ արեւմտահայերենում դաշնակը նաեւ դաշնամուր իմաստը ունի, իսկ զարկելը նաեւ նվագել իմաստը: Բայց ինչպես կյանքն է ցույց տալիս, դաշնակն ու դաշնամուրը շատ մոտ են իրար, թեկուզ այն իմաստով, որ դաշնակը կարող է դաշնամուր նվագել: Եվ այժմ կարծես թե հենց դա էլ տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դատում: Այսինքն դա տեղի է ունենում վաղուց, պարզապես թվաց, թե ապրիլի 27-ին Դաշնակցությունը մի պահ թողեց “դաշնամուր նվագելը”, հայտարարելով իշխանական կոալիցիայից դուրս գալու մասին:
Բայց, ինչպես երեւում է, Դաշնակցության համար այս տարիների ընթացքում “երաժշտությունը” դարձել է ավելի հոգեհարազատ, քան քաղաքականությունը: Բանն այն է, որ կոալիցիայից Դաշնակցությունն այնքան էլ հավեսով չէ, որ դուրս է գալիս եւ նույնիսկ կարծես թե հավեսով փորձում է պահել կոալիցիոն պաշտոնների մի մասը, իսկ գուցե եւ ամբողջը: Համենայն դեպս, Դաշնակցությունը կարծես թե պահում է Ազգային Ժողովի երկու մշտական հանձնաժողովների` արտաքին հարցերի եւ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովերի նախագահների պաշտոնները: Համենայն դեպս այն պահին, երբ գրում էի այս հոդվածը, Դաշնակցության վերջնական որոշումը հայտնի չէր, բայց հայտնի էր, որ դաշնակները տարբեր մեկնաբանությունների միջոցով փորձել էին հիմնավորել, որ միանգամայն հնարավոր է լինել ընդդիմություն եւ պահել տեղերը հանձնաժողովներում:
Իհարկե հնարավոր է: Իսկ ով է ասում, որ հնարավոր չէ: Օրինակ, ով է ասում, որ հնարավոր չէ տավարի միսը խառնել ծիրանի ջեմի հետ եւ վրան կարմիր պղպեղ ավելացնել ու մատուցել ռեստորանի հաճախորդին: Իհարկե հնարավոր է, բայց հաճախորդը դրա դիմաց ոչ թե փող կտա, այլ ճաշատեսակն ափսեով կտա մատուցողի գլխին: Այսինքն անհարմար բան կստացվի: Համեմատությունը գուցե կոպիտ է, բայց հասարակության հանդեպ պակաս կոպիտ չէ Դաշնակցությունը, որն ի տարբերություն ՕԵԿ-ի, որ երկու տարի դիմացավ ընդդիմության մեջ, առանց պաշտոնի երկու օր էլ կարծես թե չդիմացավ: Միթե հնարավոր չէ առանց պաշտոնի լինել քաղաքակիրթ եւ կառուցողական ընդդիմություն, ինչպիսին խոստանում են դաշնակները:
Թե չէ ոչ մի անհարմար բան չկա, որ լինելով ընդդիմություն, Դաշնակցությունը պահի ինչ որ պաշտոններ: Ավելին, նույնիսկ շատ էլ հարմար է ստացվում, քանի որ Եվրոպային կասեն, որ ահա տեսեք, Հայաստանում ընդդիմությանն ինչքան մեծ տեղ են տալիս: Իսկ դրանից բացի, կշարունակվի քաղաքականության մեջ երաժշտությանը մեծ տեղ տալու ավանդույթը, որի ներդրման գործում Դաշնակցությունը կարծես թե վերհաստատում է իր առաջավոր դիրքը, որը մի քիչ խարխլել էր ՕԵԿ-ը 2008 թվականի փետրվարի 29-ին: Բանն այն է, որ Դաշնակցությունն այլեւս սկսել է ոչ միայն “դաշնակ զարկել”, այլ թերեւս նաեւ “դուդուկ փչել”, միայն թե կարծես թե սեփական քաղաքական “հոգեհանգստին”:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment