Tuesday, May 12, 2009

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

«Լրագիր» 11-5-2009- Հակառակ սպասումների, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 9-ին Ղարաբաղ չայցելեց եւ չհանդիպեց Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորներին: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ԼՂՀ խորհրդարանը նախաձեռնեց քննարկումներ, որոնց ընթացքում կտրուկ դրվեց Հայաստանի լիազորությունների հարցաը Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում: Հիշեցնենք նաեւ, որ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը մայիսի 6-ին հայտարարել էր, թե Հայաստանի իշխանությունը բաց է թողել հայ-թուրքական բանակցության մասին Ղարաբաղին եւ Սփյուռքին տեղեկացնելու պահը, եւ որ Պրահայից հետո Նալբանդյանը կմեկնի Ստեփանակերտ եւ անպայման կհանդիպի ղարաբաղցի պատգամավորներին: Սակայն մայիսի 9-ին Ստեփանակերտ մեկնեց Սերժ Սարգսյանը, ով որեւէ հայտարարություն չարեց, փոխարենը դեմառդեմ հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպումից հետո Բակո Սահակյանը հայտարարեց, թե համաձայն է, որ Ղարաբաղի խնդիրը լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: “Մեզ համար կա միայն մեկ տարածքային ամբողջականություն՝ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որ ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ”, հայտարարեց Բակո Սահակյանը: Լրագրողներին տված հարցազրույցում Բակո Սահակյանը հիմնականում անդրադարձավ Ղարաբաղը բանակցային գործընթացին վերադարձնելու հարցին: Նա նույնիսկ հայտարարեց, թե Հայաստանը մտադիր է ջանքեր գործադրել վերականգնելու լիարժեք ֆորմատը: Ճիշտ է, Սահակյանը չասաց, թե ինչ կլինի դրանից հետո: Արդյոք բանակցությունը կսկսի զրոյից, թե կշարունակվի այն կետից, որը ձեռք է բերվել ներկայում շարունակվող հայ-ադրբեջանական բանակցության շրջանակներում: Այս հարցի պատասխանը էական նշանակություն ունի: Քանի որ եթե բանակցությունը շարունակվի մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք ենթադրում են տարածքային զիջումներ, ապա Ղարաբաղի մասնակցությունը որեւէ իմաստ չունի: Չէ որ խնդիրն այն չէ, թե ով է վարում բանակցությունը, այլ այն, թե ինչ ուղղությամբ է այն գնում: Այդ մասին մայիսի 9-ին հայտարարություն չհնչեց, թեեւ մինչ այդ, ապրիլի 30-ին, ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը հայտարարեց մադրիդյան սկզբունքներին Ղարաբաղի անհամաձայնությունը: Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ձգտում են թույլ չտալ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, ինչ որ տեղ հասկանալի ու բացատրելի է: Թե ինչու դրան չի համաձայնում Հայաստանը, որեւէ բացատրություն չկա: Ինչո՞ւ ղարաբաղյան խորհրդարանում այդքան սուր քննարկումներից հետո Ստեփանակերտ չմեկնեց Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը եւ չփորձեց հասկանալ անհանգստության պատճառները: Ինչո՞ւ ղարաբաղցի պատգամավորները հետ վերցրին իրենց ստորագրությունները խորհրդարանի արտահերթ նիստի պահանջից: Ինչո՞ւ մինչ այժմ չկա փաստաթուղթ, որով սահմանվեր Հայաստանի լիազորությունը բանակցությանը եւ այն սահմանը, որից այն կողմ այդ լիազորությունն ավարտվում է: Որքա՞ն կարելի է պետական հարցերը լուծել անձնական հարաբերության մակարդակում: Անհանգստության ամեն մի ալիքից հետո Ստեփանակերտ է մեկնում Սերժ Սարգսյանը եւ “տղամարդու խոսք” է տալիս, որ Ղարաբաղի հետ ոչ մի վատ բան չի պատահի: Այդ խոսքը Բակո Սահակյանը փոխանցում է մյուսներին, եւ բոլորը հանգստանում են: Կարծես խոսքը երկու քրեական խմբավորումների եւ ոչ թե պետությունների հարաբերության մասին է: Հատկանշական է, որ մայիսի 9-ի տոնակատարությանը Ստեփանակերտում էր ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով ներկայում Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանն է: Կա վարկած, որ Հայաստանը կարող է Ղուկասյանին նշանակել բանագնաց հենց ղարաբաղյան խնդրով, եւ այդ դեպքում կստացվի, որ բանակցությանը մեկ անձի միջոցով ներկայացված կլինեն Հայաստանը եւ Ղարաբաղը: Ասում են, Ղուկասյանի թեկնածությունն առայժմ բոլորին չէ, որ ձեռնտու է: ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

No comments: