Monday, September 21, 2009

Սերժ Սարգսյան. 100-տոկոսանոց երաշխիք չկա, որ հայ-թուրքական գործընթացը չի ձախողվի

/PanARMENIAN.Net/ 21.09.2009 - Երեւանի նախաձեռնությունը` Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան եւ բանակցային գործընթաց սկսել դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Թուրքիայի հետ սահմանի բացման նպատակով, ոչ թե կոնկրետ ծրագիր է, այլ ավելի շուտ, փորձ ստեղծել հարաբերականորեն տանելի մի մթնոլորտ, որի դեպքում 21-րդ հնարավոր կլինի երկխոսությունը հարեւան երկրների միջեւ: Այդ մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Նման փորձեր նախկինում եւս եղել են: Եվ առաջին նախագահը, եւ երկրորդ նախագահը նախաձեռնել են դա: Եղել է նաեւ նախաձեռնություն թուրքական կողմից, սակայն այդ գործընթացները փակուղի են մտել: Այժմ էլ 100-տոկոսանոց երաշխիք չկա, որ հայ-թուրքական գործընթացը չի ձախողվի»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հավելել է, որ հիանալի հասկանում է, որ եւ Հայաստանում, եւ Թուրքիայում կան ուժեր, որոնք ցանկանում են տապալել գործընթացը: «Ի դեպ, նման ուժեր կան նաեւ երրորդ երկրներում: Սակայն, ի տարբերություն նախորդ գործընթացների, ես գտնում եմ, որ այս գործընթացը մեկ բանով տարբերվում է` սա ամենահրապարակային ու բաց գործընթացն է, որ երբեւէ եղել է թուրքերի հետ»,-ասել է նախագահը: Ըստ նրա, Հայաստանի ու Թուրքիայի հանրությունների միջեւ կա դիմակայություն, թշնամանք, մեծ անվստահություն եւ այս ամենը մտացածին չէ: «Այս ամենն Հայաստանի պատմության այն սարսափելի էջի հետեւանքն է, որն իրագործվեց Օսմանյան կայսրությունում` Ցեղասպանության հետեւանքն է: Եվ եթե մեզ երբեւէ հաջողվի կարգավորել հարաբերությունները, ապա դրա համար հարկավոր կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի ղեկավարների քաղաքական կամքը, սակայն անհրաժեշտ է նաեւ մեր հանրությանն ընդգրկել այդ գործընթացում: Մեր հանրությունները պետք է իմանան նման կարգավորման մանրամասների մասին»,-հայտարարել է ՀՀ նախագահը: Ս.Սարգսյանն հիշեցրել է, որ Երեւանն ու Անկարան ի սկզբանե պայմանավորվել են սկսել բանակցային գործընթացն ու առաջ շարժվել առանց որեւէ նախապայմանի: «Սակայն, ցանկանում ենք թե ոչ, այս երկու ֆուտբոլային խաղը դարձան քաղաքական գործընթացի բաղկացուցիչ մասը, այդ գործընթացը դեռեւս դինամիկայի մեջ է եւ ամեն ինչ կախված է այդ դինամիկայից»,-ասել է ՀՀ ղեկավարտը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունները քննադատող ուժերին` Սարգսյանը նշել է, որ ինքն իր դիրքորոշումը հստակ արտահայտել է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում: «Ես գտնում եմ, որ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից չի կարող նախապայման լինել: Եթե ես դա նախապայման համարեի, ես չէի նախաձեռնի այս գործընթացը: Սակայն կան նաեւ բազում մարդիկ, որոնք այժմ ինձ քննադատում են, սակայն ժամանակին իրենք են փորձել դա անել: Իսկ իմ եզրակացությունը հետեւյալն է` ամեն ինչ կախված է գործընթացի արդյունքներից: Եթե այն արդյունավետ լինի, հարաբերություններ հաստատենք, սահմանները բացենք, կողմնակիցների թիվը կավելանա: Չի լինի, գուցե քննադատությունը ավելանա: Սակայն այն, ինչ ես անում եմ, անում եմ իմ համոզմամբ ու կատարում եմ իմ թիմի կամքը»,-ասել է նախագահը:

No comments: