Tuesday, May 12, 2009

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՌԱՋ ԵՆ ՆԵՏՎՈՒՄ

«Լրագիր» 11-5-2009- Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, թե այս անգամ էլ չհաջողվեց համաձայնության հասնել: “Ցավոք, ոչ մի առաջընթացի չհաջողվեց հասնել”, հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Նա ասել է, թե Պրահայում քննարկվել են մի շարք բարդ խնդիրներ, սակայն “հայերն այս անգամ էլ կառուցողականություն չցուցաբերեցին”: Նրա խոսքով, ադրբեջանական կողմը պահանջում է տարածքների ազատում, եւ Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանի կազմ: Դա հաստատեց նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները: Էխո Մոսկվի ռադիոյին տված հարցազրույցում նա հայտարարեց. “Պետք է շարունակել մեր ջանքերը, քանի որ կարգավորում դեռ չկա: Նույն հարցերի վերաբերյալ պահպանվում են տարակարծությունները”: Դրան հակառակ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերթական անգամ ճեղքում արձանագրեց ղարաբաղյան հարցում, որը, նրա խոսքով, տեղի կունենա հուլիսին Սանկտ Պետերբուրգում: “Ես կարող եմ ասել, որ առջեւում շատ աշխատանք ունենք: Սակայն, մյուս կողմից, նրանք քայլ առ քայլ շարժվում են: Եւ ես նկատել եմ, որ, հնարավոր է, նրանք մինչեւ վերջ չեն արել բեկումնային պահը, սակայն ստեղծել են դրա հիմքը: Եւ ես հույս ունեմ, որ մեկ ամիս անց, երբ նրանք հանդիպեն Սանկտ Պետերբուրգում, նման բեկում լիովին հնարավոր է”, ասել է Բրայզան: Նա նույնիսկ պատմել է, թե ինչպես է տեղի ունենալու կարգավորումը: “Ես գտնում եմ, որ ի վերջո լինելու է տարածքների վերադարձ, լինելու է նաեւ փախստականների վերադարձ այդ տարածքներում: Հիմա չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի Ղարաբաղի հետ: Մենք գիտենք, որ նա կունենա նոր իրավիճակ: Թե ինչպես որոշել այդ իրավիճակը՝ այդ մասին բանակցություն է ընթանում, ասել է Բրայզան: Ինչ վերաբերում է Ղարաբաղին ու մյուս տարածքներին, դրանք քայլ առ քայլ կվերադառնան Ադրբեջանին, փուլ առ փուլ, փախստականների հետ միասին: Սակայն շատ դժվար է որոշել, թե երբ նման իրավիճակ կլինի, ասել է Բրայզան: Նրա խոսքով, երբ Ալիեւը Մոսկվայում էր, նա շատ կառուցողական է խոսել Լաչինի միջանցքի մասին: Դա ահռելի քայլ է առաջ: Նա խոսել է նաեւ Ղարաբաղի բնակչության ինքնորոշման, ինքնավարության մասին: Մինչ այդ թե նա, թե ադրբեջանցի չինովնիկները խոսում էին, թե Ղարաբաղի վարչակարգը կրիմինալ է, լեգիտիմ չէ: Սակայն հիմա նա խոսում է ինքնավարության իրավունքից: Դա նշանակում է, որ նա պատրաստել է իր բնակչությանը փոխզիջումների, դժվարին, որոնք, հույս ունեմ, կլինեն”, ասել է Բրայզան:

No comments: