Friday, May 1, 2009

Քոչարյանը կրակելու հրաման չէր տվել, հայտարարել է նախկին ոստիկանապետը

Tert.am. 30-4-2009- Մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն այսօր վերջապես կարողացել է նիստ հրավիրել ու լսել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ասելիքը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական հանձնաժողովը երկար ժամանակ է, նիստ չէր հրավիրում, քանի որ նրա հետագա աշխատանքը կախված էր ոստիկանապետի ասելիքից, իսկ ոստիկանապետը տարբեր պատճառներով երկար ժամանակ չէր ներկայանում հանձնաժողով։ Հայաստանի նախկին ոստիկանապետի ասելիքը պետք է պատասխաներ մարտյան իրադարձությունների վերաբերյալ ամենակարևոր հարցին, այն է՝ ո՞վ է հրաման տվել ցուցարարների վրա կրակելու։ Հայկ Հարությունյանն այսօր հայտարարել է, թե դա պատերազմի դաշտ չէր, հրամանատար չկար, որ հրաման տար ու կրակեին։ «Նման հրաման չի տվել ու չէր էլ կարող լինել ոչ նախագահի կողմից (նկատի ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին–հեղ.), ոչ իմ կողմից»,- հայտարարել է նախկին ոստիկանապետը, որն այժմ ղեկավարում է պետական պահպանության ծառայությունը։ Նախկին ոստիկանապետն ասել է, որ հրաման լիներ կրակելու, պատերազմ կլիներ։ Հայկ Հարությունյանը հանձնաժողովականների հարցերի ի պատասխան մի քանի անգամ էլ հերքել է, որ մարտյան դեպքերի ժամանակ կրակելու հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանը։ «Նման հրաման չի եղել, դրանք բամբասանքի մակարդակի զրույցներ են», - ասել է նա։

No comments: