Friday, May 1, 2009

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆԻ ԴԵՄ ԲՌՆԱՐԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2009 թվականի ապրիլի 30-ի լուսաբացին դաժան ծեծի է ենթարկվել ARMENIA Today լրատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը: Վերջինս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ Արգիշտի Կիվիրյանի հարազատների, այս հարձակումն անմիջական կապ ունի նրա լրագրողական գործունեության հետ: Մենք` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, վրդովմունքով հայտարարում ենք, որ հարցերը ծեծի ու բռնության միջոցով լուծելն արդեն հասարակական լուրջ սպառնալիքի է վերածվում, իսկ պետական մարմիններն էլ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկում դիմակայելու դրան: Այն, որ լրագրողների դեմ հարձակումների կատարողներն առայսօր դատարանի առջեւ չեն կանգնել, դրա խոսուն վկայությունն է: Մենք դատապարտում ենք այս հերթական բռնությունը եւ իրավապահ մարմիններից պահանջում ենք հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Երեւանի մամուլի ակումբ ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան «Ֆեմիդա» ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Վանաձորի մամուլի ակումբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հայաստանի հելսինկյան կոմիտե Քաղաքացիական հասարակության ինստիտուտ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

No comments: