
Lragir 1-5-2009- Երեկ ԼՂՀ Ազգային ժողովում բուռն քննաևկումներ են տեղի ունեցել եւ հնչել բավականին կտրուկ գնահատականներ: Մասնավորապես, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հայտարարել է, որ ԼՂՀ-ը կտրուկ դեմ է քննարկվող մադրիդյան սկզբունքներին: Խոսվել է նաեւ այն մասին, որ Ղարաբաղը կարող է այլեւս արգելել Հայաստանին ներկայացնել իրեն բանակցություններում:
Արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը նշեց, որ տեղյակ է ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքներին: «Գաղտնիք չեմ ասելու, որ Ղարաբաղի կողմից կա կտրուկ անհամաձայնություն` մադրիդյան սկզբունքների հետ կապված` մի քանի հիմնական կետերի մասով»,- ընդգծեց Գ. Պետրոսյանը:
Նրա խոսքերով` բազմաթիվ անգամ, տարբեր առիթներով, նախագահի կողմից նույնպես նշվել է այն մասին, որ Ղարաբաղի հանրապետության դիրքորոշումը ոչ մի կետով չի փոխվել, որովհետեւ ազատ զարգացումը, անկախ կարգավիճակը եւ անվտանգությունն այն սկզբունքներն են, որոնցով պետք է առաջնորդվի իշխանությունը: Ավելին` նա շեշտել է, որ հնարավոր է մի քիչ ավելի կոշտացնեն Ղարաբաղի դիրքորոշումը:
Պատգամավոր Արպատ Ավանեսյանին մտահոգում էին Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ծրագրի որոշ կետեր, որոնք վերաբերում են Ղարաբաղին: Գեորգի Պետրոսյանն այն կարծիքին է, որ այդ փաստաթղթերն արդեն ինչ-որ իմաստով հնացած են:
«Ցանկացած ժողովուրդ, երբ պետություն է ստեղծում, առաջնորդվում է պետության եւ իր ժողովրդի շահերով: Այդ տեսակետից, իհարկե, կարեւոր է, թե ինչ է գրվել Հայաստանում: Բայց շատ ավելի կարեւոր է` ինչ ենք անելու եւ ասելու մենք: Մեր հիմնական քայլը համարում եմ Սահմանադրության ընդունումը, եւ Սահմանադրության համաձայն ունենք մեր շահերը, նպատակները, որոնց վրա հիմնվում եւ հիմնվելու են քաղաքական իշխանությունները»,- հավելեց արտգործնախարարը:
“Ժողովուրդն այսօր զգում է, որ վտանգված է այս 20 տարիների մեր ամենագլխավոր ձեռքբերումը` Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը»,- ասել է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանը:
«Իհարկե, մեզ մտահոգում է Արցախի հարցը, բայց մենք Արցախի հիմնախնդիրը միշտ ընկալել ենք որպես Հայ դատի բաղկացուցիչ մաս: Եւ այդ մասերից մեկը վտանգելով` մենք Հայ դատի գաղափարն ենք վտանգում, իսկ դրանից հետո խոսում ազգային գաղափարախոսության մասին: Թե ինչպես կհանգուցալուծվի ղարաբաղյան հիմնախնդրի գործընթացը` դրա համար ժողովրդի առաջ պատասխանատու ենք եւ մենք` բոլորս»,- ընդգծել է Ժ. Գալստյանը:
Ժ. Գալստյանը միաժամանակ հայտնել է, թե հնարավոր է, որ ԼՂՀ եւ ՀՀ արտգործնախարարներին հրավիրեն ԱԺ, սակայն միաժամանակ նշել է` «հնարավոր է` Հայաստանի արտգործնախարարը չգա»: Այդ իսկ պատճառով, նա Գ. Պետրոսյանին խորհուրդ է տվել զրուցել Էդվարդ Նալբանդյանի հետ, որպեսզի «հաջորդ անգամ կարողանա ավելի լիարժեք պատասխաններ տալ», որից հետո, ըստ պատգամավորի, «միասին` ազգովի, կնստենք ու կորոշենք մեր հետագա քայլերը»:
ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված տարածքները օտարերկրյա տարբեր պետությունների կողմից խաղարկման առարկա դարձնելու փորձերին անդրադարձավ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ով շեշտեց, որ դրանով ամեն կերպ փորձ է արվում անտեսել եւ վտանգի տակ դնել ԼՂՀ պետականությունը եւ ժողովրդի անվտանգությունը:
«Չե՞ք կարծում, որ ժամանակն է ԼՂՀ իշխանությունները պատասխանատվության ենթարկեն նրանց, ընդհուպ` Հայաստանի Հանրապետությանը, որը հանդես է գալիս որպես բանակցային կողմ` առանց ԼՂՀ համաձայնության»,- հարցրեց նա արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին՝ միաժամանակ հիշեցնելով, որ «երբեւիցէ չի եղել գրավոր համաձայնություն, որ ՀՀ-ն հանդես գա ԼՂՀ-ի փոխարեն»: «Ընդհակառակը, ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի, որ ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին` որպես սուբյեկտ»,-նկատեց նա:
Ի պատասխան՝ արտգործնախարարը նշեց, որ եթե ցանկանում են պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին, ապա պատգամավորները գուցե պետք է հանդես գան օրենսդրական նախաձեռնությամբ: Եւ եթե նման օրենք ընդունվի, ապա հնարավոր է լինելու պատասխանատվության ենթարկել նրան, ով խոսում է Ղարաբաղի անունից կամ չի պաշտպանում նրա շահերը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենաօպտիմալ ճանապարհի` Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու մասին պատգամավորի հարցին` ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ համանախագահների վերջին հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահն առաջարկել է իրենց մանդատի միջոցով կազմակերպել հանդիպում` Ղարաբաղի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ:
Գեորգի Պետրոսյանը նշեց, որ պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը չի ուզում բանակցել Ղարաբաղի հետ:
Արտգործնախարարը հիշեցրեց, որ Մայնդորֆյան հռչակագրի վերաբերյալ ժամանակին արտահայտել են իրենց վերաբերմունքը` ընդգծելով, որ ոչինչ չի կարող որոշվել` առանց Ղարաբաղի մասնակցության: Քաղաքական բանակցություններում` թե՛ ՀՀ-ում եւ թե՛ համանախագահների հետ, ղարաբաղյան կողմը միշտ պնդում է, որ բանակցությունների ձեւաչափը լիարժեք պետք է լինի, ինչը հնարավորություն կտա Ղարաբաղին` ներկայացնելու իր մոտեցումներն ու առաջարկները, սակայն մինչեւ հիմա այդ ուղղությամբ առաջընթաց չի եղել, ինչը թույլ է տալիս ղարաբաղյան կողմին չենթարկվել այդ որոշումներին:
No comments:
Post a Comment