Lragir 1-5-2009- Հայ-թուրքական սահմանի բացումից գյուղացին շատ բան չի հասկանում, շատ բան չգիտի, բայց նաև լավ բան էլ չի ակնկալում: Սահմանամերձ Արաքսի բնակիչները չեն ուզում սահմանը բացվի, նախ` որովհետև վստահ են, որ այն ամբողջությամբ չի բացվի, իրենց իսկ հողերում ազատ ելք ու մուտք, մեկ է, էլի չեն թողնի անել, և երկրորդ` իրենց բերքն այլևս չեն կարող հարմար գնով վաճառել, իրենց իսկ խոսքերով` ջրի գին կտան: Նատալյա տատիկը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, ասում է ինչի պիտի իր սրտով լինի, երբ իր բերքը, ասենք վարունգը, եթե հիմա երևանցիներին “բիրիք” մեկ կիլոգրամը հանձնում է 200 դրամով, այն ժամանակ գուցե հանձնի 40-50 դրամով. ”Բա վերցրածս վարկերը ոնց տամ, ով կտա իմ փոխարեն”, ասում է Նատալյա տատիկը, ավելացնելով, որ գյուղում բոլորն են վարկերի տակ “ճռռում”:
Տիկին Ռուզաննան էլ, թեև դեմ չէ սահմանի բացմանը, բայց վախենում է հայ աղջիկների համար. ”Ես ուզում եմ ազատ լինի, լիանա, լիություն լինի, էժանություն, մենակ վախենում եմ հայ աղջիկների համար, պիտի ծախվին: Բայց որ ճամփա ուզեն բացեն, դարդ ու ցավ կտրել ա, մեզ պտի գան հարցնեն, հա՞, չէ՞ մի: Մեզ, որ ըսկի մեր տեղը մարդ չգիտի”, վիրավորված ասում է Ռուզաննան, հավատացնելով, որ գյուղնախարարությունն իրենց ու իրենց գյուղի տեղն անգամ չգիտի. ”Միայն մեր այո-յի հետևից են վազում, գյուղապետին ստիպում են, ձայներ են հավաքել տալիս ընտրություններին, խաբում են ու թռնում, էնտեղ թող իրենք հարստանան, դղյակներ շինեն, մենք էլ էստեղ էս վարկերի դարդից մեռնենք”:
Գյուղապետի օգնական Սուրեն Գալստյանը սահմանի բացմանը ոչ դեմ է, ոչ էլ կողմ, բայց մի բան լավ գիտի՝ թուրքը մնում է թուրք, ուստի կարծում է` լավ կլիներ ամեն ինչ թողնել առաջվա նման. “Ես պատկերացնում եմ այսպես, եթե միջպետական սահմանները բացվեն, հարաբերությունները նորմալ ընթանան, դրանք` թուրքերը, մեզ համար երբեք լավ չեն եղել, ես լավ բան չեմ սպասում: Հիմա ինչքան էլ հարազատանան, ինչքան էլ մոտենան, ամեն դեպքում այս հարաբերությանը կողմ չեմ, դեմ էլ չեմ”: Սուրեն Գալստյանը կողմ է զուտ տնտեսական առումով, քանի որ, ըստ նրա, ճանապարհների բացվելու դեպքում տնտեսությունն ազատ շունչ կքաշի, հիմա այն համարում է շրջափակման մեջ:
Համագյուղացիների` սահմանի բացմանը դեմ լինելը համարում է ժամանակավոր և համեմատում է սկզբնական շրջանում Պարսկաստանի սահմանի բացման հետ. պարսկական ապրանքի օրինակով համեմատում է թուրքականը և հիշում՝ երբ տարիներ առաջ սահմանի բացվելուց հետո ամբողջովին պարսկական ապրանք էին լցրել խանութները, կարճ ժամանակ հետո ժողովուրդը սկսել է լավը վատից տարբերել` նախապատվությունը տալով տեղականին: “Հիմա էլ այդպես կլինի. սկզբնական շրջանում մի քիչ դժվար կլինի, բայց հիմա սպառողը պարսկական ապրանք չի առնում, չէ՞, հետո էլ չի առնի թուրքականը, որովհետև մեր ապրանքը մի քիչ ուրիշ է”, ավելացրեց նա:
Իսկ գյուղի խնդիրը բոլորովին էլ սա չի համարում. դրանք գյուղացիների անսահման վարկերն են, խորդուբորդ ճանապարհները, ոռոգելի ջրի, գազի բացակայությունը: “Թուրքը մեզ ավելի շուտ գազ կտա, քան հայը”, ասում են գյուղացիները, ովքեր իրենց լքված են համարում պետության կողմից: Այս էլ քանի անգամ ու արդեն որերորդ նախագահն է խոստացել ասֆալտապատել գյուղի ճանապարհը, բայց սա մնացել է խոստման շրջանակներում: “Հիմնականում գալիս են ընտրություններին, խոստանում ու գնում: Մի հղի կնիկ տանեն, ճանապարհին կծննդաբերի”, աում են գյուղացիները:
Եվ միայն Սուրեն պապը, ում բոլոր ազգականները Սուրմալուում են թաղված, անդադար հարցնում էր. “Ուզում եմ իմանամ, որ էդ սահմանը բացվի, կարամ գնամ իմ ազգականների գերեզմանը գտնեմ”:
Գյուղում այսօր ապրում է 1009 մարդ, որոնցից շատերի պապերը, բարեկամները, հարևաները գաղթել են Արևմտյան Հայաստանից: Օֆիկ տատն առանց հուզվելու չի կարողանում հիշել հարևան Սուսանի պատմածը, թե ինչպես է փախել թուրքի ճիրաններից և հատելով սահմանը` հասել Արաքս գյուղ, այստեղ էլ հաստատվել: Պատմելու ընթացքում հաճախ հուզվում էր, ձայնը թրթռում էր. ”Պատկերացնում եք` թունդրա մեջ հաց թխելուց են եղել, այ ընտեց էլ գնդերը թողել են ու փախել թուրքից: Իրանցից ով անցել է էս սահմանը, փրկվել է”, ցույց տվեց Օֆիկ տատը, ով ամեն առավոտ աղոթք է անում առ Աստված, որ սահմանը չբացեն, ինքը շատ բան չի հասկանում, բայցև` “էդուց լավ հոտ չի առնում”:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
Saturday, May 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment