Friday, May 1, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Lragir 1-5-2009- Եվ այսպես պարզվեց, որ հայ-թուրքական ճանապարհային քարտեզ կոչվածն իրականում ժամանակային քարտեզ է: Այդ մասին ապրիլի 29-ին խորհրդարանում հայտարարել է մեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ դեպքում նախ անհասկանալի է դառնում, թե ինչու Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարությունների գիշերային հայտարարության մեջ, որ եղավ ապրիլի 22-ին, քարտեզը հենց այդպես էլ չի կոչվում` ժամանակային քարտեզ, այլ հայտարարվում է ճանապարհային քարտեզի մշակման մասին: Երեւի իր դերը կատարել է գիշերը: Կիսաքուն վիճակում երեւի դժվար չէ շփոթել ճանապարհն ու ժամանակը: Այնպես որ, եկեք սրանից մեծ իրարանցում չսարքենք եւ ընդունենք, որ իրականում գործ ունենք ժամանակային քարտեզի հետ: Հետեւաբար դիտարկումները պետք է անել հենց այդ տրամաբանությամբ: Բայց կարծես թե անգամ տերմինաբանական այդ խաղը, որ փորձում է անել Հայաստանի արտգործնախարարը, ճանապարհային քարտեզի շուրջ բարձրացած աղմուկը մեղմելու կամ ընդհանրապես լռեցնելու համար, չի փոխում խնդրի էությունը: Ինչպես հայտնի է, ճանապարհային քարտեզի պարագայում պահանջվեց, որ Հայաստանի իշխանությունը բացահայտի դրա դրույթները: Այդ բանը պահանջեցին գրեթե բոլորը` թե Հայ Ազգային կոնգրեսը, թե Ժառանգությունը, թե Դաշնակցությունը, եւ էլի շատերը, որ այս կամ այն կերպ հասարակության ինչ որ խավ կամ խումբ ներկայացնում են, բացի թերեւս ՕԵԿ-ից, Բարգավաճ Հայաստանից եւ բնականաբար` Հանրապետականից: Այդ դրույթները չբացահայտելու համար էլ Հայաստանի իշխանությունը թերեւս որոշեց ճանապարհայինը դարձնել ժամանակային քարտեզ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շուրթերով մեկնաբանելով, թե այդ փաստաթղթի մեջ ժամանակացույցն է այն քայլերի, որ պետք է անեն Հայաստանն ու Թուրքիան հարաբերություն կարգավորելու գործընթացում: Շատ լավ է, նույնիսկ հիանալի: Բայց ինչ տարբերություն: Չէ որ եթե մշակվում է ինչ որ բանի ժամանակացույց, ապա պետք է այդ ժամանակացույցը ենթադրի ինչ որ թեմաներ: Օրինակ, չի կարող ժամանակացույցը միայն ժամկետներ պարունակել: Ասենք չի կարող այդ քարտեզի մեջ նշված լինել միայն ապրիլի 22, հետո ասենք մայիսի 18, հետո հունիսի 25, հետո ենթադրենք սեպտեմբերի 6 եւ այդպես շարունակ: Այդ ժամկետների կողքը պետք է գրվի, թե ինչ է կատարվելու դրանց ընթացքում: Այսինքն պետք է նշվի, թե կոնկրետ ժամկետում ինչ քայլ է կատարվելու, ինչ թեմա է քննարկվելու կամ ինչ հարց է լուծվելու: Այլապես, եթե կան ժամկետներ, կա ժամանակացույց, բայց չկա ժամանակին արվելիք քայլերի բովանդակություն, ապա այդ ժամանակային քարտեզը դառնում է ոչ թե դիվանագիտական փաստաթուղթ, այլ հոգեբուժական ախտորոշում: Բայց պետք չէ մոռանալ գիշերը, այսինքն որ այդ ժամանակացույցը ընդունվել է գիշերը: Միգուցե կողմերը ժամկետները նշել են, իսկ թեմաները մոռացել են: Պատահում է, ոչինչ: Դա թերեւս հայ-թուրքական վերջին գիշերը չէ, նույնիսկ կարելի է ասել, որ երեւի թե առաջին գիշերն է: Թեմաների հերթը կգա հաջորդ գիշերներին: Այնպես որ, պետք չէ մի գիշերից, այն էլ առաջին գիշերվանից հետո այդքան շատ անկեղծություն պահանջել Հայաստանի իշխանությունից: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Հ. Գ. Մի անեկդոտ կա գիշերվա մասին, “Գիշերվա երազ” հայտնի մուլտֆիլմի մոտիվով, երբ նկարի մեջ հայտնված աղջիկը հանդիպում է նկարի միջի քունը կորցրած ծերուկին, որ չգիտեր ինչ բան է գիշերը, քանի որ նկարի մեջ ցերեկ էր միշտ: “Դու ով ես”, հարցնում է ծերուկը: “Ե՞ս, աղջիկ”, պատասխանում է նկարի մեջ հայտնված աղջիկը: “Աղջի՞կ”, զարմացած հարցնում է ծերուկը եւ շարունակում` “Որտեղի՞ց ես դու, աղջիկ”: “Ես, գիշերից եմ”, պատասխանում է աղջիկը: “Ես չգիտեմ ինչ բան է գիշերը, ցույց տուր ինձ այն”, պատասխանում է ծերուկը: Աղջիկը փորձում է ցույց տալ, թե ինչ է գիշերը: “Բա ասում էիր չգիտես, թե ինչ բան է գիշերը”, ծերուկին ասում է աղջիկը մի քիչ հետո: “Բա ասում էիր աղջիկ ես”, արձագանքում է ծերուկը:

No comments: