Wednesday, June 3, 2009

Վահագն Չախալյանի փաստաբանի գրանցման մերժման գործի առնչությամբ երկրորդ դատալսումը հետաձգվել է մինչեւ հունիսի 15-ը

/PanARMENIAN.Net/ 02.06.2009 - 2009թ. մայիսի 29-ին Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում կայացավ ֆրանսիացի փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ Պատրիկ Արապյանին որպես ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբան գրանցման Վրաստանի արդարադատության նախարարության որոշման բողոքարկման դատավարության երկրորդ նիստը: Այդ մասին PanARMENIAN. Net-ին հաղորդել են Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունում: « Ինչպես եւ առաջին նիստը` այն եւս ավարտվեց անարդյունք: Պատասխանող կողմը` Վրաստանի արդարադատության նախարարությունը դատարանին ներկայացրեց գործի հետ կապված փաստաթղթեր եւ դրանից հետո դատարանը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու պատճառաբանությամբ հետաձգեց դատվարությունը մինչեւ հունիսի 15-ը», - նշվում է հաղորդագրության մեջ: Չախայանների շահերը նշված գործում պաշտպանում է վրացական «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության անդամ, փաստաբան Նինո Անդրիաշվիլին: Վրաստանի արդարադատության նախարարությունը ս.թ. փետրվարի 16-ին առանց որեւէ պատճառաբանման հրաժարվեց գրանցել պրն Արապյանին որպես Չախալյաններ պաշտպան: Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին մարտի 6-ին Արդարադատության նախարար Զ. Ադեիշվիլիին ուղղված նամակում առաջարկեց վերականգնել Չախալյանների խախտված իրավունքները եւ արտոնել ֆրանսիացի փաստաբանի մասնակցությունը նրանց նկատմամբ ընթացող դատավարությունում, սակայն վրացական իշխանությունները արհամարհեցին այդ հանձնարարականը: Ապրիլի 14-ին եւ 28-ին Փարիզում ի պաշտպանություն Վահագն Չախալյանի տեղի ունեցած ցույցերի ընթացքում, ցույցի կազմակերպիչներին ընդունած Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան խոստացավ, որ վրացական իշխանությունները դրական լուծում կտան Պատրիկ Արապյանի գրանցման խնդրին: Ապրիլի 6-ին Վահագն Չախալյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման եւ 18000 լարի (10,650 ԱՄՆ դոլար) տուգանք վճարելու: Չախալյանները մտադիր են բողոքարկել դատավճիռը վերադաս դատական ատյաններում, իսկ այնուհետեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

No comments: