
Tert.am 2-6-2009- Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմին։
Նշելով, որ այսօր շատերն են հիշում 30 տարի առաջ Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի այցը Հայաստան, նախագահ Սարգսյանն ասել է, որ 30 տարի անց բոլորովին այլ իրողություններում երկու շաբաթից տեղի կունենա Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշշար ալ-Ասադի այցը մեր երկիր։ Հանրապետության ղեկավարը և Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համակարծիք են եղել, որ այս այցը նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում։
Սիրիայի արտգործնախարարը կարևորել է երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացումը, տարբեր բնագավառներում գործակցության խորացումը` հատկապես շեշտելով առևտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության խնդիրներին, ընդգծել առկա հիմնահարցերը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու կարևորությունը։ Սերժ Սարգսյանը ողջունել է Սիրիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ։Ուալիդ ալ-Մուալլիմն, իր հերթին, ներկայացրել է Միջին Արևելքում առկա խնդիրների կարգավորման գործընթացը։
No comments:
Post a Comment