
- Չնայած հանձնառությանը (օրինակ՝ Մոսկովյան հռչակագրում), որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, պաշտոնական Բաքուն կարծես մտադրություն չունի հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից: Ի՞նչ եք կարծում, դա ներքին սպառմա՞ն համար է:
- Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ուժ չկիրառելու սկզբունքը պետք է ամրագրվի խաղաղության ցանկացած համաձայնագրում, եթե ուզում ենք, որ այն լինի հավասարակշռված, արդար և տևական: Տարբեր պաշտոնյաներ շատ հայտարարություններ են անում, հաճախ՝ հակասական: Ես կնշեմ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի երեկվա [փետրվարի 13, 2009թ.] հրապարակումը, որտեղ մեջբերված է նախագահ Ալիևի հետևյալ խոսքը. «Մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացի պաշարները չեն սպառվել, և խաղաղ գործընթացին մեր հավատարմությունն այն հիմնական փաստարկն է, որը հաստատում է մեր կառուցողական դիրքորոշումը»:
- Կա՞ արդյոք բանակցություններից դուրս տեղի ունեցող գործընթացները վերահսկելու և հասարակություններին կարգավորմանը հոգեբանորեն ավելի մերձեցնելու որևէ մեխանիզմ (Մինսկի խմբի կամ այլ ինստիտուտի կողմից):
- Հասարակություններին մոտեցող կարգավորմանը նախապատրաստող ամենակարևոր մեխանիզմը կլինի այն, որ լրագրողները միանան փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու ջանքերին՝ սկանդալներ սարքելու հնարավորություններ փնտրելու փոխարեն: Այդ պատճառով ես շատ գոհ եմ ձեր հարցերին պատասխանելու հնարավորության համար: Բացի այդ՝ տարածաշրջանում կան շատ հասարակական կազմակերպություններ, որոնց հետ ես և իմ գործընկեր համանախագահները ակնկալում ենք աշխատել:
- Վերջերս Դուք հայտարարեցիք, որ Ձեր հայտարարությունները միշտ չէ, որ լրատվամիջոցները պատշաճ կերպով են ներկայացնում: Մասնավորապես՝ հայտարարությունը, որ ԼՂ կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, Հայաստանում և Ադրբեջանում տարբեր կերպ մեկնաբանվեց: Կարո՞ղ եք պարզաբանել:
- Ես նկատել եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում լրագրողները հաճախ նախընտրում են մեջբերումներ անել իմ հայտարարությունների այն հատվածներից, որոնք արտահայտում են իրենց դիրքորոշումները: Արդար և տևական կարգավորման հասնելու համար կողմերի միջև պետք է լինի փոխզիջում, որն արտացոլում է հետևյալ առանցքային կետերը.- Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան և Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն այդ երկրի համար կարևորագույն սկզբունքն է:- Սակայն ինքնորոշման սկզբունքն էլ ամենակարևորն է Հայաստանի համար:- Երկուստեք համաձայնեցնելու համար ԼՂ խնդրի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հաշվի առնի տարածքային ամբողջականության և ինքնորոշման, ինչպես նաև ուժ չկիրառելու սկզբունքները:- Այս երեք սկզբունքը Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական դրույթներից են:- Մինսկի խմբի Հիմնարար սկզբունքների նպատակն այս երեք սկզբունքի այնպիսի հավասարակշռումն է, որն ընդունելի լինի երկու կողմի համար:
- Համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել փետրվարի վերջին: Բանակցությունների օրակարգի կոնկրետ ի՞նչ հարցեր են լինելու ուշադրության կենտրոնում:
- Առաջիկա այցի ընթացքում համանախագահները պետք է քննարկեն Ցյուրիխում նախագահների խնդրանքը՝ օգնել իրենց մշակելու ձևակերպումներ, որոնք կհարթեն կողմերի միջև Հիմնարար սկզբունքների վերաբերյալ մնացած տարաձայնությունները:
- Դուք հայտարարել եք, որ որպես Մինսկի խմբի համանախագահ Ձեր հետագա պաշտոնավարումը կախված կլինի ԱՄՆ նոր վարչակազմի որոշումից: Այդ առնչությամբ որևէ բան կարո՞ղ եք ասել այս պահին:
- Որպես համանախագահ՝ ես գործում եմ ԱՄՆ պետքարտուղարի ցանկությամբ: Նա [նկատի ունի Հիլարի Քլինթոնը] պետք է որոշի՝ կշարունակե՞մ պաշտոնավարել, թե՞ ոչ: Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի այդ որոշումը, ակնկալում եմ իմ հետագա կարիերայում օգնել Հարավային Կովկասի ժողովրդին գտնել սեփական խաղաղությունը, բարեկեցությունն ու ազատությունը:
Հարցազրույցի անգլերեն բնօրինակը կարելի է կարդալ Հայաստանում ԱՄՆ դեսպանության պաշտոնական կայքէջում` www.usa.am:
«Կապիտալն» իր հարցերն արդեն ուղարկել էր պարոն Բրայզային, երբ նա «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց, որ ԼՂ կարգավորման «համաձայնագրի մշակումը պետք է բխի տարածքային ամբողջականության սկզբունքից, համաձայնագիրը պետք է ներառի նաև ինքնորոշման և ուժ չկիրառելու սկզբունքները»:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Մ. Բրայզայի այս հայտարարության վերաբերյալ ասել էր հետևյալը. «Հասկանալի չէ՝ ո՞րն է այս հայտարարության նպատակը, բայց տպավորություն է ստեղծվում, որ նման մեկնաբանություն կարելի էր անել միայն խանգարելու համար բանակցային գործընթացին, որն ընթանում է մադրիդյան առաջարկությունների շուրջ»: Պրն Բրայզային մենք խնդրեցինք մեկնաբանել այս վերջին հայտարարությունը: Նա, ըստ էության, կրկնեց մեր հարցի պատասխանը:
- Այժմ ժամանակն է, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգ են խաղաղության համար, ավելի զգույշ լինեն հրապարակային մեկնաբանություններ անելիս: Իմ տեսակետները չեն փոփոխվել և արտահայտվում են հետևյալում.- Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան և Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն այդ երկրի համար կարևորագույն սկզբունքն է:
- Սակայն ինքնորոշման սկզբունքն էլ ամենակարևորն է Հայաստանի համար:
- Երկուստեք համաձայնեցնելու համար ԼՂ խնդրի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հաշվի առնի տարածքային ամբողջականության և ինքնորոշման, ինչպես նաև ուժ չկիրառելու սկզբունքները:
- Այս երեք սկզբունքը Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական դրույթներից են:
- Մինսկի խմբի Հիմնարար սկզբունքների նպատակն այս երեք սկզբունքի այնպիսի հավասարակշռումն է, որն ընդունելի կլինի երկու կողմի համար:
Այս հավասարակշռմանը կարելի է հասնել, եթե համապատասխան բոլոր պաշտոնյաները, լրագրողները և քաղաքացիական հասարակության անդամները գործեն բարեխղճորեն:
Զրուցեց Կարեն Հարությունյանը
Կապիտալ
No comments:
Post a Comment