Tuesday, December 29, 2009

2009–ը ԼՂ կարգավորման տեսանկյունից դրական տարի էր. Ալիև

Tert.am. 29-12-2009- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Vesti-ին, որտեղ ի թիվս այլ հարցերի խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները Հայաստանի հետ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, Ալիևը նշել է, թե որոշ հարցերում դիրքորոշումները մոտենում են, որոշ հարցերում՝ ոչ։ «Այդ պատճառով հակամարտության կարգավորման առումով ես այս տարին կբնութագրեի որպես դրական տարի, սակայն ոչ այնքան դրական, որքան կարող էր լինել։ Գլխավորը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է։ Ցավոք, 2009թ. մեր հույսերը չեն արդարացել այն ծավալով, որով ակնկալում էինք»,- նշել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, թե, այնուամենայնիվ, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հռչակագիրը նշանակալից իրադարձություն էր։ «Այսինքն, հույս կար, որ հնարավոր կլինի համաձայնեցնել հիմնարար սկզբունքները։ Սակայն այդ հույսերը չարդարացան։ 2010թ. հետ կապված կա որոշակի լավատեսություն, քանի որ ղարաբաղյան կարգավորումը դարձել է միջազգային օրակարգի կենտրոնական թեմաներից մեկը։ Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական դիրքորոշումները 2010թ., բայց մենք կտրականապես դեմ ենք, որ այն վերածվի մշտական բանակցային գործընթացի»,- եզրափակել է Իլհամ Ալիևը։

No comments: