Saturday, June 6, 2009

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԸ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Դրանց խնդիրը հանդիպման արդյունքները չեն, այլ հանդիպման անցկացումը Ռուսաստանի նախաձեռնությամբ «ԱԶԳ, 06-06-2009- Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ադրբեջանցի պաշտոնակցի հետ: Նախորդ համարում «Ազգը» նախագահի նստավայրից ստացած հաղորդագրության հիման վրա անդրադարձել էր հանդիպմանը, միաժամանակ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում իրականացված սանկտպետերբուրգյան հանդիպումը հինգերորդն էր Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի: Նրանց նախորդ հանդիպումը մայիսի 7-ին տեղի էր ունեցել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Այդ մասին հունիսի 5-ի համարում հիշեցրել է «Զաման» թերթը: CNN-Turk-ն էլ ավելացրել է, որ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկկողմ, ապա եւ եռակողմ հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, սանկտպետերբուրգյանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին մեկ տարվա ժամանակահատվածում ռուսական հողի վրա անցկացրած 3-րդ հանդիպումն է, որի առնչությամբ դեռեւս որեւէ հայտարարություն չի արվել: Ի դեպ, Պրահայի հանդիպման ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջը կողմերի համաձայնությանը գալու հայտարարություն էր արել: Նրան նույն լավատեսությամբ արձագանքել էին ԱՄՆ-ում եւ Եվրոմիությունում, իսկ թուրքական կենտրոնական թերթերը լայնորեն լուսաբանել էին հանդիպումը, որ գերագնահատվեն դրա արդյունքները: Քանի որ սանկտպետերբուրգյան հանդիպման վրա կնիքն են թողել նախագահ Մեդվեդեւի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ երկկողմ եւ եռակողմ հանդիպումները, իսկ դրանց լայնորեն լուսաբանումը ենթադրում է ընդգծել Ռուսաստանի առանցքային դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում, ուստի թուրքական թերթերը, հատուկենտ բացառությամբ, շրջանցել են Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը: Այսինքն, այդ թերթերի խնդիրը ոչ այնքան Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքներն են կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախադրյալների ստեղծումը, որքան Մոսկվայի նախաձեռնության նկատմամբ բացասական դիրքորոշումն ու ռուսական գործոնը Լեռնային Ղարաբաղում թուլացած տեսնելու ցանկությունը: Սակայն, ի տարբերություն կենտրոնական թերթերի, թուրքական հանրային հեռուստատեսությունը կայքէջի միջազգային լուրեր բաժնում «Ղարաբաղյան գագաթաժողով Ռուսաստանում» վերնագրով առաջնահերթ նշանակությամբ տեղադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման լուրը, որից հետո միայն անդրադարձել նախագահ Օբամայի իսլամական աշխարհին հղած ուղերձին, որի գտած լայն արձագանքի մասին աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներում, այդ թվում Թուրքիայում եւ տարածաշրջանում ավելորդ է խոսելը: Թուրքական հանրային հեռուստատեսությունը սանկտպետերբուրգյան հանդիպման առնչությամբ որեւէ մեկնաբանություն չի արել, պարզապես նշել է, որ Հայաստանի նախագահի նստավայրի տարածած հաղորդագրության համաձայն, Ալիեւի հետ Սերժ Սարգսյանի Լեռնային Ղարաբաղին առնչվող հանդիպումը կառուցողական բնույթ է կրել: Ինչ վերաբերում է «Զամանին», ապա այս թերթն էլ հանդիպումը լուսաբանել է «Մեդվեդեւն ապահովեց Ալիեւի հետ Սարգսյանի հանդիպումը» վերնագրով: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: