Գագիկ Բեգլարյանի երդմնակալության ժամանակ Սերժ Սարգսյանն արտաբերել է զարմանահրաշ խոսքեր: Նա հայտարարել է, որ “Ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքը մեր արժեքային համակարգում պետք է դառնա անվիճարկելի սկզբունք”: Նույն օրվա գիշերը ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի նիստը, որը մերժել է ֆինանսավորել գյուղերի ճանապարհաշինական ենթածրագիրը: Ընդ որում, կորպորացիան ողջ մեղքը դրեց հայաստանի իշխանության վրա, նշելով, որ իշխանության քայլերը չեն համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին: Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել էր, թե իր երկիրը մտադիր է Երեւանի ավագանու ընտրության կապակցությամբ հանդես գալ հայտարարությամբ, ընդ որում, նա ասել էր, որ դեսպանատան դիտորդները ականատես են եղել ընտրակեղծիքների: Այն մասին, որ ընտրությունները կեղծվել են, հայտարարել են երկու խորհրդարանական կուսակցություն՝ Ժառանգությունը եւ ՀՅԴ, որոնք չեն ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը, Հայ Ազգային կոնգրեսը եւ Ժողովրդական կուսակցությունը:Կեղծիքների փաստը հաստատել են նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Օրինաց երկիր կուսակցության թեկնածու Հեղինե Բիշարյանը եւ նույնիսկ Հանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ: Եւ այս ֆոնին, ինչպես կայծակը, հնչում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե անցած ընտրությունը պետք է օրինակ հանդիսանա հաջորդների համար, որ որեւէ խախտում ու անօրինականություն անպատասխան ու անարձագանք չի մնալու եւ Հայաստանում յուրաքանչյուրը կարող է իրականացնել ընտրության միջոցով իշխանության ձեւավորման սահմանադրական իրավունքը: Սա հնչեց որպես ծաղր: Իմիջիայլոց, դրան հայ հասարակությունը չի սովորել: Մարդիկ տեսնում են իրենց աչքերով, հետո հավատում նրան, ինչ ասվում է հեռուստատեսությամբ: Այսպիսի անեկդոտ կա. Ասում են, ղարաբաղցի մի տատիկ մի քանի օր նայել է Արցախի հանրային հեռուստատեսությունը, հետո թոռներին հարցրել՝ “Էս ո՞ր երկիրն են ցույց տալիս: Ես էլ եմ ուզում ապրել այդ երկրում”: Հայ հասարակությունն արդեն ընտելացել է մտքին, որ իշխանությունն ու հեռուստացույցը խոսում են բացարձակապես այլ իրողությունների մասին: Ցավոք, ընտելացել է, կորցնելով արժանապատվության զգացումը, հանդուրժելով սուտն ու ծաղրուծանակը: Հակառակ պարագայում, Սերժ Սարգսյանի այս բառերից հետո քաղաքապետարանի առջեւ կհավաքվեր մեծ հանրահավաք, որի ընթացքում մարդիկ Սերժ Սարգսյանից կպահանջեին ցույց տալ այն երկիրը, որի մասին նա խոսում էր, որտեղ յուրաքանչյուրը կարող է իշխանություն ձեւավորել իր քվեով: Սակայն հանրահավաք չկա, եւ ծաղրուծանակը շարունակվում է: Որովհետեւ նրանք մի տհաճ հատկություն ունեն՝ բազմանում են, եթե չկա դիմադրություն: Իսկ ծաղրուծանակի դիմադրությունը արժանապատվությունն է:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment