Saturday, June 13, 2009

Փաստաբանը միջնորդեց Ալեքսանդր Արզումանյանին անմեղ ճանաչել

Tert.am. 12-6-2009- Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով հանդես եկան քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի պաշտպանները: Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն իր ճառում մի շարք հիմնավորումներով հանդես եկավ, որոնց համաձայն իր պաշտպանյալին չէր կարող 225 հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրվել: Մասնավորապես, նա նշեց, որ դատավարության ողջ ընթացքում չներկայացվեց որևէ ապացույց, որը կվկայեր Արզումանյանին մեղսագրված արարքը, մեղադրական եզրակացության մեջ նշված չէ Ալեքսանդր Արզումանյանի կողմից իբրև թե կատարված հանցագործության վայրը, ժամը և այլ մանրամասներ: Նրա մեղքը չի ապացուցվել անգամ բազմաթիվ տեսաձայնագրությունների զննման, նրա հեռախոսային ու փոստային ծառայության վերահսկման ու դրանց հրապարակման պայմաններում: Դեռ ավելին՝ իր հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Ալեքսանդր Արզումանյանը հստակ ասել է, որ կողմ չէ անկարգություններին: Լիպարիտ Սիմոնյանն ասել է նաև, որ Ալեքսանդր Արզումանյանը 2008թ. փետրվարյան հանրահավաքների ժամանակ հանդես է եկել մեկ անգամ՝ փետրվարի 21-ին, և իր ելույթի ժամանակ, ի հակառակ իրեն առաջադրված մեղադրանքի, շնորհակալություն է հայտնել ժողովրդին խաղաղ կեցվածքի համար, ինչպես նաև հայտարարել է, որ «մնաց երկու օր», ու վերջում ասել է՝ «Հաղթանակ»: «Երկու օր մնաց» ասելով՝ Արզումանյանը նկատի է ունեցել ՍԴ որոշումը` համարելով, որ ՍԴ-ն կհրապարակի արդարացի վճիռ, բայց դա մեղադրանքի կողմն ընկալել է որպես զանգվածային անկարգության կոչ: Փաստաբանը նաև նշել է, որ Ա1+ հեռուստաընկերության տրամադրած կադրերից ակնհայտ երևում է, որ մարտի մեկի առավոտյան ոստիկանների կողմից հալածվող քաղաքացիները հետապնդվում են մինչև ֆրանսիական դեսպանատուն, որտեղ էլ հալածվողները հավաքվել են, և նրանց են միացել այլ քաղաքացիներ, ու դա եղել է ինքնաբուխ հավաք: Անդրադարձ է կատարվել Ալեքսանդր Արզումանյանի կողմից հնչեցված հայտարարություններին առ այն, որ իրեն իր քաղաքական հայացքների համար են հետապնդում։ Սիմոնյանը նշել է, որ այդ մասին վկայում է այն փաստը, որ դեռևս 2008թ. փետրվարի 19-ին գաղտնալսել են նրա հեռախոսազրույցները ու վերահսկել փոսատային ծառայությունը, դեռևս չիմանալով, թե ինչ ելք կունենան ընտրությունները: Իր ճառի ավարտին Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց Ալեքսանդր Արզումանյանին ճանաչել անմեղ և կայացնել արդարացման դատավճիռ: Ալեքսանդր Արզումանյանն իր ինքնապաշտպանական ճառին նախապատրաստվելու համար խնդրեց 1 շաբաթ ժամանակ, սակայն դատավորը հաջորդ դատական նիստը նշանակեց հունիսի 16-ին:

No comments: