Saturday, June 6, 2009

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները

Tert.am. 5-6-2009- Երեկ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ավարտին փոխանցեցին, որ «շատ հաջող է անցել հանդիպումը», թեև որևէ լուրջ առաջխաղացում չկա, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, որևէ բանի շուրջ չեն պայմանավորվել: Ասվեց, որ հանդիպումը երկուստեք «շատ դրական է գնահատվել», կողմերը արդեն «քննարկում են այն հարցերը, մոտեցնում են դիրքորոշումները այն հարցերին, որոնց շուրջ դեռ չկա համաձայնություն»: «Չնայած այսօր չի կարելի խոսել ճեղքման կամ էական առաջընթացի մասին, կողմերը, այդուհանդերձ, առաջ են շարժվում և պայմանավորվել են շարունակել բանակցությունները», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշեց, որ բանակցությունները շարունակվում են նույն «Մադրիդյան սկզբունքների» շուրջ, բանակցային սեղանին հենց այդ սկզբունքներն են և փորձում են մոտեցնել կողմերի դիրքորոշումները այն մի քանի կետերի շուրջ, որ դեռ համաձայնեցված չեն»: Հարցին, թե արդյո՞ք այսօրվա հայտարարությանը չի հետևի Մամեդյարովի մեկ այլ հայտարարություն, թե Հայաստանը փոխել է իր դիրքորոշումը և «ավելի կոշտ դիրքորոշում է ցուցաբերել», ինչպես դա եղել է Պրահայում կայացած հանդիպումից հետո, Ադրբեջանի արտգործնախարարը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այսօր նման հայտարարություն անելու համար «փաստեր չունի»: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Մամեդյարովի խոսքերով, սանկտպետերբուրգյան բանակցությունները շատ ավելի հաջող են անցել, քան Պրահայի բանակցությունները: «Այն, ինչ մենք այսօր լսեցինք, հիմք է ստեղծում, որպեսզի մենք շարունակենք աշխատել» - հայտարարեց Մամեդյարովը:

No comments: