ԱԶԳ», 03-06-2009- Կարծում ենք, որ անմիջական երկխոսության միջոցով անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում, որը պետք է լինի արդար, համապատասխանի երկու կողմերի շահերին ու հանգեցնի երկու հարեւան երկրների հարաբերությունների կարգավորմանը: Երեկ ղարաբաղյան հարցի առնչությամբ Դամասկոսում վերջերս կայացած Իսլամական կոնֆերանսում ընդունված հայտարարությունների առումով այսպիսի պատասխան տվեց Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալլիմը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում Սիրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծեց, որ ղարաբաղյան հարցի որեւէ այլ լուծում կվնասի երկու ժողովուրդներին, կհետաձգի ցանկալի լուծումը:
«Խիզախությունն այն է, որ երկու կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն, որպեսզի հասնեն արդար լուծման», ըստ էության ոչ հայանպաստ դամասկոսյան հայտարարություններին չանդրադառնալով` հարցին այսպես պատասխանեց Սիրիայի ԱԳ նախարարը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարն, իր հերթին, ափսոսանք հայտնեց, որ ադրբեջանական կողմը վտանգավոր փորձեր է անում` Լեռնային Ղարաբաղի խնդրին կրոնական բնույթ տալու, որը հաստատապես չի նպաստի հակամարտության կարգավորմանը:
Ինչ վերաբերում է Իսլամական կոնֆերանսում ընդունված հայտարարություններին, ապա դրանք, Նալբանդյանի համոզմամբ, բացահայտ վնաս են հասցնում ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններին, քանի որ այդ հայտարարությունները հիմնված են աղավաղված տեղեկությունների վրա:
Սիրիայի արտգործնախարարը պատասխան պաշտոնական այցով է Հայաստանում` հանդիպելու ինչպես իր գործընկերոջը, այնպես էլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը: Ուալիդ Մուալլիմի այցելության ընթացքում նախապատրաստվելու է նաեւ Սիրիայի նախագահի այցը Հայաստան:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Wednesday, June 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment