Wednesday, June 3, 2009

Ժիրինովսկին ցանկանում է Հայաստանը տեսնել որպես Ռուսաստանի նահանգ

Tert.am.3-6-2009- Հայ-ռուսական ռազմավարական գործընկերության պատճառը, ըստ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու, այն է, որ «Օսմանյան կայսրությունն անընդմեջ ճնշում է գործադրել հայերի վրա»։ Ռուսաստանը պաշտպանել է Հայաստանին, այդ իսկ պատճառով էլ ծավալվել են պատմականորեն ավելի սերտ հարաբերություններ։ Իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, ձգվում է դեպի Թուրքիա, իսկ Թուրքիան էլ՝ դեպի Ադրբեջան»,- այդ մասին 1news.az-ին հայտարարել է Ռուսաստանի դումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։ Միևնույն ժամանակ, ռուս քաղաքական գործիչը կանխատեսել է Կովկասում իրավիճակի վատթարացում։ «Վրաստանը մենք չենք կորցրել։ Նոր տարվա մեկնարկի հետ մեկտեղ՝ կսկսվի Իրանի վրա ուժային ճնշում, և Հարավային Կովկասում կլինի ներգաղթյալների հսկայական ներհոսք։ Իրավիճակն ամբողջովին ապակայունացված կլինի։ Ո՞վ է փրկելու իրավիճակը։ Բաքուն, Երևանը և Թբիլիսին կդիմեն Մոսկվային օգնության համար»,- նշել է քաղաքական գործիչը։ Տարածաշրջանում խնդիրների «լավագույն լուծումը», ըստ Ժիրինովկսու, այն է, ինչ եղել է Ռուսական կայսրության օրոք. «Բաքվի, Երևանի, Թիֆլիսի և Քութաիսի նահանգներ։ Կային չորս շրջաններ, հաշտություն, կարգ ու կանոն։ Ստեղծվեցին ազգային հանրապետություններ, փլուզվեց Խորհրդային Միությունը, այժմ պատերազմն ու դիմադրությունը միշտ էլ կլինեն»։ Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը՝ նա հայտարարել է, որ ցանկացած սահմանների բացումը լավ գործ է։ «Դա կբարելավի իրավիճակը Արևելյան Անաթոլիայում և հենց Հայաստանում։ Սակայն քանի որ Թուրքիան «ՆԱՏՕ-ական երկիր է», ապա ՆԱՏՕ-ի և Թուրքիայի արտաքին հետախուզություններն ավելի մեծ հնարավորություններ կունենան Հայաստանի ղեկավարության վրա ներգործելու համար»,- եզրափակել է Ժիրինովսկին։

No comments: