Monday, June 22, 2009

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Ստամբուլում

Tert.am. 22-6-2009- Երեկ երեկոյան Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Trend-ը` հղում կատարելով թուրքական Cihan տեղեկատվական գործակալությանը: Ստամբուլի Ֆլորյա արվարձանում գտնվող «Բեյթի» ռեստորանում տեղի ունեցած ընթրիքի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Իրանի ներկայիս իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր: «Ինչպես միշտ, հանդիպումն անցավ «Մեկ ազգ» երկու պետություն» կարգախոսի ներքո: Մենք քննարկեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցային գործընթացը, մեր երկրների միջև երկկողմանի հարաբերությունները, որոնք վերջին ժամանակների ընթացքում էլ ավելի են բարգավաճել, ինչպես նաև տարածաշրջանում առկա այլ գործընթացներ»,- լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարարը: «Հանդիպումը նախապես ծրագրված չէր,- ասել է Դավութօղլուն:- Ճապոնիա կատարած պաշտոնական այցից հետո Բաքու վերադառնալիս Էլմար Մամեդյարովը մի քանի ժամ մնացել է Ստամբուլում, ինչի արդյունքում մենք հանդիպեցինք»: «Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան է: Իրանի կայունությունը մեծ ազդեցություն ունի ամբողջ տարածաշրջանի կայունության վրա: Թուրքիան սատարում է այդ ուղղությամբ արված յուրաքանչյուր քայլ»,- ասել է Դավութօղլուն:

No comments: