Saturday, June 6, 2009

«ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՐԾԻՔՈՎՙ ԱՄՆ-Ն ՈՒ ԵՄ-Ը ՁԳՏՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱՏԵԼ ԹՈՒՐՔԻԱՆ»

«ԱԶԳ, 06-06-2009- Վերջերս Թուրքիայում «արմատականության եւ ծայրահեղականության» մակարդակն ստուգելու նպատակով կատարվել է դոկտ. պրոֆ. Յըլմազ Էսմերի գլխավորած ուսումնասիրությունը, որը վկայում է երկրում հանդուրժողականության իսպառ բացակայության մասին: Ուսումնասիրությանը «Հյուրիեթի» հունիսի 3-ի համարում «Պետք է ընդունել. մենք մտածողությամբ էապես տարբերվում ենք Եվրոմիությունից» վերնագրով, անդրադարձել է Ջունեյթ Ուլսեւերը: Ուսումնասիրության արդյունքների համաձայն, թուրք ժողովրդի 75 տոկոսը աթեիստների, 72 տոկոսըՙ ալկոհոլ օգտագործողների, 64-ըՙ հրեաների, 43-ը ամերիկացիների հետ հարեւանություն անել չի ուզում: Թուրքերի 62 տոկոսը առաջնահերթ է համարում կրոնը, իսկ աշխարհիկությունն ու ժողովրդավարությունըՙ համապատասխանաբար 16 եւ 13 տոկոսը միայն: Ավելին, թուրք ժողովրդի 76 տոկոսը կարծում է, որ Թուրքիային կմասնատի Եվրոմիությունը, իսկ 86 տոկոսի կարծիքով, ԱՄՆ-ը: Հեղինակը, ելնելով այս ցուցանիշներից, գրում է. «Ուրիշների նկատմամբ անհանդուրժողականությամբ վերաբերվողները չեն կարող վստահել նրանց եւ կմտածեն, որ նրանք մասնատելու են երկիրը: Դա ինքնավստահության բացակայությունն է: Հենց դրանով է արտահայտվում ԵՄ-ի հետ կապերի խզումը»:

No comments: