Saturday, June 6, 2009

Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը չի վայելում ժողովրդի վստահությունը, հայտարարել է «Ժառանգությունը»

Tert.am. 5-6-2009- Խորհրդարանական «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ու նույն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր «Հայացք» ակումբում հանդիպել են լրագրողների հետ ու, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություններ արել։ Նրանք իրենց գործընկեր՝ Հայ ազգային կոնգրեսի հասցեին ասել են, որ նրանք լավ չէին կազմակերպել քարոզարշավը՝ լավը չէր նրանց ընտրացուցակը, «հնացած դեմքերով» էին մասնակցում ընտրություններին և այլն։ Պատգամավորները, սակայն, չեն անտեսել նաև այն հանգամանքը, որ ընտրությունները կեղծվել են ու արդար ձևով չեն անցկացվել։ «Այնուամենայնիվ, ցանկացած ընտրություն հնարավոր է հաղթել, հնարավոր է լուրջ արդյունքներ ստանալ այդ ընտրություններից, եթե և ցուցակը, և քարոզչությունը կառուցված է լրջագույն փաստարկների և օբյեկտիվ գնահականների վրա»,- հայտարարել է «Ժառանգության» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ «Փաստացի, մենք ականատեսը եղանք, որ Հայ ազգային կոնգրեսը կայացած քաղաքական ուժ չէ։ Ես միանշանակ փաստում եմ, որ մեզ մոտ, այո, 1995 թ-ից առ այսօր արդար ընտրություն տեղի չի ունենում, բայց դրանից ելնելով՝ ես կարող եմ ասել նաև, որ այն ընդդիմադիր ուժը, որը հավակնում էր հաղթանակ տանել Երևանում, փաստացի այսօր նույնպես չի վայելում մեր քաղաքացիների վստահության քվեն։ Ցավալի է, իհարկե, բայց այդպես է։ Այսինքն, այն զանգվածը, որն անհրաժեշտ էր, որպեսզի ընդդիմությունը հաղթանակ ունենար գոնե Երևանում մենք, փաստորեն, չկարողացանք այդ զանգվածը դուրս բերել իրենց բնակարաններից և տանել ընտրատեղամաս»,- իր հերթին, հայտարարել է Զարուհի Փոստանջյանը։ Պատասխանելով ընտրություններին իրենց չմասնակցության մասին հարցին՝ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ մի պահ իրենք այն կարծիքին են, որ ճիշտը չմասնակցությունն էր, բայց, ըստ նրա, «Ժառանգությունն» իր որոշումը կայացրել է ընդդիմադիր մամուլի հայհոյանքների ներքո ու իր որոշմամբ գոնե փորձել է չհիասթափեցնել ընդդիմադիր ընտրազանգվածին։ Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ «Ժառանգությունը» վիրավորված էր ՀԱԿ-ից։ Օրինակ, Արմեն Մարտիրոսյանն ընդդիմության հետընտրական հանրահավաքում հնչած այն հայտարարությանը, թե ընտրություններով դաշտը մաքրվեց, այսօր արձագանքել է, թե ընդդիմադիր ուժերը ոչ թե պետք է իրար դեմ պայքարեն, այլ իշխանության դեմ։ Tert.am-ը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հարցրել է, թե արդյո՞ք «Ժառանգությունը» վիրավորված է Կոնգրեսից, քանի որ ընտրություններից 5 օր է անցել, բայց «Ժառանգությունը» ՀԱԿ-ի վերաբերյալ նման կտրուկ կարծիք երբեք չէր հայտնել։ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշել է, որ իրենք ըմբռնումով են մոտենում ՀԱԿ-ի ներկայացուցիչների ցանկացած հայտարարությանը, քանի որ դա ավելի շատ հենց ՀԱԿ-ին է վնասում, իսկ «Ժառանգության» ընտրազանգվածը ավելի է շատանում։Ըստ նրա, ժողովուրդը պետք է ունենա ինստիտուցիոնալ ընդդիամդիր քաղաքական ուժ, լինի լուրջ գործոն և ոչ թե փոշիացնի իր ձայները։ Արմեն Մարտիրոսյանն էլ մեր հարցին ի պատասխան նշել է, թե «ընտրախախտումների մասին բոլորս ենք բարձրաձայնել, ուղղակի այսօր մի փոքր վերլուծական ընդամենը կատարվեց»։ Ըստ նրա, այս վերլուծությունն արդեն տարբեր թերթերում կար, բայց ամփոփվեց այսօրվա ասւոլիսում։

No comments: