Saturday, June 27, 2009

Թե ինչու են փաստաթղթի տակ ստորագրել ադրբեջանական եւ թուրքական գործընկերները, կպատասխանի հենց ինքը` Զարուհի Պոստանջյանը

/PanARMENIAN.Net/ 26.06.2009 - «Իշխանությունների ներկայացուցիչները, չտարբերակելով, թե որտեղ է անցնում հայրենիասիրության եւ դավաճանության սահմանը, քարոզարշավ են սկսել «Ժառանգություն» կուսակցության դեմ` օգտագործելով սեւ փիարի բոլոր միջոցները, ինչպես նաեւ ԶԼՄ-ները»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա զարմանք է հայտնել, որ «Ժառանգություն» կուսակցության ոչ մեծ ներկայացուցչությունը խորհրդարանական խմբակցությունում, որի մեջ մտնում են ընդամենը 7 պատգամավորներ, կարող է այդպես խանգարել իշխանություններին եւ անախորժություններ պատճառել: Նա նաեւ նշեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Զարուհի Պոստանջյանը Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկույցի մեջ լրացումներ կատարելու իր առաջարկություններում այնպիսի կետեր է ներառել, որոնք բխում են մեր երկրի շահերից: «Ինչու, ինչպես եւ ինչ մտադրություններով են ստորագրել փաստաթուղթը ադրբեջանական եւ թուրքական գործընկերները, սրանք հարցեր են, որոնց շուտով կպատասխանի Զարուհի Պոստանջյանը»,- հայտարարել է Ալավերդյանը: Լարիսա Ալավերդյանը խորհուրդ է տվել սեփական հակահայկական գործունեության վրա ուշադրություն դարձնել նրանց, ովքեր համարձակվել են Զարուհի Պոստանջյանի արարքը համարել դավաճանություն: «Բոլորին հայտնի է, որ Կիեւում մոնիտորինգային խմբի նիստի ընթացքում մեր ներկայացուցիչները Դավիթ Հարությունյանի նախագահությամբ փաստաթուղթ են ստորագրել, որում սեւով սպիտակի վրա գրված է, որ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը խանգարում է այն հանգամանքը, որ երկրում դեռ մնում են Հայաստանի կողմից շրջափակված տարածքներ: Եւ դրանից հետո նրանք փորձում են դավաճան անվանել մարդուն, որը պայքարում է Արցախի ազատագրական պատերազմի հերոսների իրավունքների եւ իրավական պետություն հաստատելու համար»,- ընդգծել է նա:

No comments: