
hayInfo. 3-6-2009- Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված հայկական էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանագիրը քաղաքական պայմաններ չի պարունակում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը Երևանի ՋԷԿ կատարած ճանաչողական այցի ընթացքում։Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:«Մենք պայմանագիր ունենք թուրքական կոմերցիոն ընկերության հետ, և ոչ մի քաղաքական պայման մեր հարաբերություններում ամրագրված չէ»,- ասաց նա։Նախարարը համաձայնեց, որ քաղաքական խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ պայմանագիրը որևէ լրացուցիչ պայմաններ ունի։Ընդ որում Մովսիսյանը նշեց, որ թուրքական ընկերությունը բախվում է որոշակի քաղաքական խնդիրների հետ, սակայն կկարողանա հաղթահարել դրանք։«Աշխատանքները շարունակվում են, և հույս կա, որ այդ հարցը մինչև վերջ կլուծվի, այսինքն կգա այն օրը, երբ Հայաստանը էլեկտրաէներեգիա կարտահանի Թուրքիա»,- ասաց նա։Մովսիսյանը նշեց, որ որոշված են էլեկտրաէներգիայի արտահանման մոտավոր ժամկետները, բայց ամեն ինչ կախված է այն բանից, թե երբ կավարտվեն նախապատրաստական աշխատանքները։«Մենք աշխատանքի բավականին լավ փորձ ունենք Վրաստանի ու Իրանի էներգահամակարգերի հետ, բայց առայժմ թուրքական համակարգի հետ աշխատանքի փորձ չունենք, իսկ դա պահանջում է այնպիսի տեխնիկական չափորոշիչների զուգադրում, ինչպիսիք թույլ կտան հայկական ու թուրքական համակարգերը»,- ասաց Մովսիսյանը։ Ավելի վաղ ծրագրվել էր, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի ուղիղ մատակարարումը Թուրքիային կսկսի իրականացնել 2009թ.-ի գարնանը։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2008 թ.-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ էներգետիայի և բնական ռեսուրսների նախարարության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և բելգիական ՅՈՒՆԻՏ ընկերության միջև, որը զբաղվում է Թուրքիայի տարածքում բարձր լարման էլեկտրաէներեգիայի ներկրմամբ ու բաշխմամբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է թուրքական կողմին 4-5 ամիս ժամանակ տալ ենթակայանները վերականգնելու և 3-4 կմ երկարությամբ ապամոնտաժված էլեկտրահաղորդիչ գծերը վերականգնելու համար։Նախնական պայմանավորվածության համաձայան, Հայաստանը մատակարարումը կսկսի տարեկան 1,5 մլրդ կՎտ/ժ-ից՝ հաջորդող տարիներին այն հասցնելով տարեկան 3,5 մլրդ կՎտ/ժ-ի։ Ենթադրվում էր, որ էլեկտրաէներգիայի արժեքը էլեկտրաէներգիայի 1 մեգավատի համար 57 դոլար կկազմի, սակայն վերջնական գինը լրացուցիչ կհստակեցվի՝ կապված գազի գների փոփոխությունների և մատակարարման վերջնական ժամկետների հետ։
No comments:
Post a Comment