
Lragir. 3-6-2009- Եթե փորձենք մի փոքր ընդգրկուն դիտարկել Երեւանի ավագանու ընտրության արդյունքը, այսինքն նայենք ոչ միայն տոկոսներին, տեղերին, այլ նաեւ այդ տոկոսների եւ տեղերի տերերին, նրանց քաղաքական հավակնություններին, նպատակներին, մարտավարական եւ ռազմավարական տեսլականներին, ինչպես նաեւ տեղին ու դերին քաղաքական դաշտում, եւ եթե դրան գումարենք նաեւ հազար ու մի այլ մանր երանգները, ապա թերեւս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ընտրությանն ամենամեծ անհաջողության մատնվեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Օրինակ, Հանրապետական կուսակցության համար Երեւանի ավագանու ընտրությունը ոչ մի բան էր: Այդ ընտրությանը ՀՀԿ չկար` կար Սերժ Սարգսյանը, ում համար ավագանու ընտրությունը իր իշխանության շինարարության մի կարեւոր քար էր: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանը կարող էր առավել հաջողված եւ հեռանկարային պլաններ մշակել Երեւանի ավագանու ընտրության համար, քան ՀՀԿ բացարձակ հաղթանակ նկարելը, բայց մյուս կողմից էլ նա դրան այլընտրանք չունի, քանի որ ընտրության հնարավորության ճոխությունը տալիս է իշխանությունը, իսկ Սերժ Սարգսյանը հենց իշխանություն է ձեւավորում: Անշուշտ, Երեւանի քաղաքապետի ընտրությունն արդար եւ օրինական անցկացնելով Սերժ Սարգսյանը կարող էր իսկապես ունենալ հասարակության համար լեգիտիմ իշխանություն, սակայն բանն այն է, որ Սարգսյանը ձեւավորում է իշխանություն այն տրամաբանությամբ, որով որ Հայաստանում գործել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը: Իսկ այդ տրամաբանությունը պարտադրում է բացարձակ հաղթանակներ: Այդ մասին թերեւս բավական խոսել եմ նախորդ հոդվածներում: Հայ Ազգային կոնգրեսի պարագայում Երեւանի քաղաքապետի ընտրությունը թերեւս ոչ այնքան թվային արդյունքով էր կարեւորվում, թեեւ դա չի նշանակում, որ թվայինը կարեւոր չէր, որքան նրանով, որ ընտրությունը հասարակությանը արթնացնելու, ակտիվության նոր ալիք առաջացնելու հնարավորություն էր: Այդ ալիքը, իհարկե, տարբեր աստիճանով, կառաջանար թե կոնգրեսի հաղթանակի, թե ընտրակեղծիքների հետեւանքով պարտության դեպքում: Ներկա դրությամբ, ընտրակեղծիքների աղմուկը գուցե կոնգրեսին հնարավորություն կտա մի քանի ամիս էլ պահել հասարակական գոնե նվազագույն անհրաժեշտ ակտիվության ալիքը: Օրինաց երկրի եւ Դաշնակցության համար Երեւանի ավագանու ընտրությունն ընդամենը տեղավորվում էր այն ծառայությունների շրջանակում, որ նրանք արդեն երկար տարիներ է, ինչ մատուցում են համակարգին: Այնպես որ, նրանք պետք է բավարարվեին նրանով, ինչ իրենցից կպահանջի իշխանությունը: Այլ կերպ ասած, այդ կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրությանը քաղաքական լուրջ նպատակ չէին հետապնդում: Ժողովրդական կուսակցության եւ ՀԱՍԿ-ի պարագան թերեւս ավելորդ է դարձնում որեւէ մեկնաբանությունը:Ինչ էր ուզում Երեւանի ավագանու ընտրությունից Բարգավաճ Հայաստանը, ինչ ստացավ, եւ ինչ հեռանկար է ապահովում այդ ստացածը ԲՀԿ-ի համար: Բարգավաճ Հայաստանը թերեւս միակն էր, որի համար Երեւանի քաղաքապետի ընտրությանը գլխավորը արդյունքն էր: Բանն այն է, որ 2007 թվականին լուրջ հավակնություններով, մեծ շուքով քաղաքական դաշտ մտած ԲՀԿ-ն իսկապես լուրջ հարված ստացավ խորհրդարանի ընտրությանը, չկարողանալով ՀՀԿ-ին խանգարել բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում: Դրանից հետո իշխանության մեջ ԲՀԿ գործունեությունը կարծես թե ունի մեկ նպատակ` ռեաբիլիտացվել ընտրողների առաջ, ցույց տալ, որ իրականում Բարգավաճ Հայաստանն ավելին է, քան խորհրդարանի մոտ երկու տասնյակ մանդատները: Այդ տրամաբանության մեջ էր նախագահի ընտրությանը Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի վարկանիշն իհարկե այդքան բարձր չէր լինի, եթե նրան չաջակցեր Բարգավաճ Հայաստանը: Բայց նախագահի ընտրությունից հետո էլ Սերժ Սարգսյանը Բարգավաճին լուրջ հարված հասցրեց` կոալիցիա վերցնելով նաեւ ՕԵԿ-ին եւ ՀՅԴ-ին, եւ ցույց տալով, որ ինքն ամենեւին էլ ԲՀԿ հույսին չէ իշխանություն ձեւավորելու հարցում:Երեւանի ավագանու ընտրությունը ԲՀԿ համար վերստին ռեաբիլիտացվելու հերթական հնարավորությունն էր: Եվ ԲՀԿ նախընտրական արշավը, որը թերեւս ամենաակտիվն էր եւ ամենագունեղն ու շքեղը բոլոր 7 ուժերի շարքում, վկայեց, որ Գագիկ Ծառուկյանը գիտակցում է պահի լրջությունն ու հասկանում, որ որպես կուսակցություն, որպես քաղաքական դերակատարում ունենալու հնարավորություն, Երեւանի ավագանու ընտրությունը ԲՀԿ համար վերջին շանսն է: Այժմ Բարգավաճ Հայաստանը կանգնած է այդ շանսն էլ վերջնականապես կորցնելու վտանգի առաջ, քանի որ եթե ԲՀԿ-ն չունի քաղաքային իշխանության ձեւավորմանը մասնակցելու լծակներ եւ մնացել է միայն Սերժ Սարգսյանի բարի կամքին, որի շնորհիվ կարող է ինչ որ լծակներ ստանալ, ապա այլեւս կարեւոր չէ, թե նա որ տեղն է գրավել կամ ինչքան տոկոս է հավաքել: ՀՀԿ “բացարձակ հաղթանակից” հետո ԲՀԿ տոկոսներն այլեւս բացարձակ նշանակություն չունեն:Ներկայում ԲՀԿ-ն ունի թերեւս ռեաբիլիտացվելու միայն մեկ հնարավորություն՝ դուրս գալ կառավարող կոալիցիայից: Բայց նաեւ դրսում իրեն չպահել այնպես, ինչպես պահում է Դաշնակցությունը: Դա չի էլ նշանակում, որ ԲՀԿ-ն պարտավոր է անկեղծ երեւալու համար դրսում իրեն պահել այնպես, ինչպես Հայ Ազգային կոնգրեսը: Բայց օրինակ մի հարցում Բարգավաճ Հայաստանը կարող է օրինակ վերցնել կոնգրեսից` չընդունել Երեւանի ավագանու մանդատները, եթե իհարկե Բարգավաճ Հայաստանը չի ընդունում, որ ՀՀԿ-ն տարել է ազատ, արդար եւ օրինական հաղթանակ: Եթե ընդունում է, ապա դա արդեն լրիվ փոխում է իրավիճակը, եւ Բարգավաճ Հայաստանը սպառնում է արդեն իշխանության մեջ լինել ոչ թե ՀՀԿ-ի, այլ իշխանության կից լինել ՕԵԿ-ի գործընկերը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment