Sunday, August 23, 2009

Մարտի 1-ի զոհերի հիշատակին պատարագ մատուցվեց

Tert.am- 22-8-2009- Մոտ երկու շաբաթ առաջ ՀԱԿ ակտիվիստներ տիկին Սեդան և Տիկին Վիոլետան նախաձեռնեցին այցելություններ մարտի 1-ի զոհվածների ընտանքիներին և նրանց հետ միասին՝ զոհվածների գերեզմաններին: Այնուհետև որոշում կայացվեց այցերը եզրափակել պատարագով: Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվեց պատարագ, որին, զոհերի հարազատներից բացի, մասնակցում էին նաև ՀԱԿ ներկայացուցիչներն ու ակտիվիստները: Նախաձեռնության հեղինակ Սեդա Հովակիմյանը, ով Համաժողովրդական Շարժման ակտիվիստ Անդրանիկ Հովակիմյանի մայրն է, ասաց, որ իր որդուն ևս համարում է մարտի մեկի զոհ: Հիշեցնենք, որ մարտի մեկից հետո Համաժողովրդական Շարժման մասնակից, ակտիվիստ Անդրանիկ Հովակիմյանը եղել է ընդհատակում և այնտեղ եղած ժամանակ մահացել է՝ համապատասխան բուժում չստանալու հետևանքով: «Որոշեցինք այցելել մեկ առ մեկ բոլորի տները, ծնողների հետ սգալ, հաղորդել մեր վիշտը և զգացնել տալ ծնողներին, որ իրենց զավակները չեն մոռացվել և ժողովրդի սրտի մեջ են. նրանց երբեք չեն մոռանա: Նրանք մեր ազգի հերոսներն են, որոնց հիշատակը պետք է միշտ վառ մնա»,- ասաց Սեդա Հովակիմյանը: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ զոհերի գերեզմաններին այցելությունները սկսել են մարզերից, որտեղ ապրում են նրանց ընտանիքները: Պատարագից հետո մասնակիցները շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ծաղիկներ դրեցին և խունկ վառեցին՝ ի հիշատակ զոհերի: Տեղեկացնենք նաև, որ զոհերի գերեզմաններ այցելելու ժամանակ ծնողներն իրենց զավակների գերեզմաններից հող էին վերցրել, որն այսօր ցանեցին Մյասնիկայնի արձանի մոտ։ Ի դեպ, արարողության ժամանակ տարածքով անցավ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով, հասնելով քաղաքապետարանի մուտքի մոտ, այնտեղից որոշ ժամանակ հետևեց հավաքված մարդկանց գործողություններին, որից հետո մտավ քաղաքապետարան:

No comments: