Saturday, August 29, 2009

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՈՒՂՂԱՓԱՌ ՏԱՃԱՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԾԵԼ

«Առավոտ» 28-8-2009- Թուրքիայի իշխանությունները մտադիր են ուղղափառ Սուրբ Դմիտրիի տաճարը վերածել մզկիթի: Այս մասին տեղեկացնում է news.ru-ն՝ հղում կատարելով թուրքական «Միլիեթ»-ին: Տաճարը կառուցված է 19-րդ դարի առաջին կեսին՝ Սիլիվրա քաղաքի մերձակայքում, Ստամբուլից ոչ հեռու: Տաճարի մոտ արդեն սկսել են շինարարական աշխատանքները: Ստամբուլի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետ եւ պրոֆեսոր Օկտայ Էկինչին քննադատել է իշխանությունների այս որոշումը եւ այն անվանել «գիտական տեսակետից ոչ կոռեկտ եւ հակաէսթետիկ»: Տաճարը կառուցվել է 1831թ.-ին ուղղափառ հույների կողմից, որոնց սերունդները Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղահանվել են Սիլիվրայի տարածքից, իսկ նրանց տները զբաղեցրել են մահմեդականները, ովքեր եկել էին Հունաստանից: Մինչ նոր մզկիթի կառուցումը՝ նրանք կրոնական արարողությունների համար որոշ ժամանակ օգտագործում էին տաճարը, որի մոտ կառուցել էին փայտե մինարեթ: Օգտագործելով այս պատմական փաստը՝ իշխանությունները աշխատանքները իրականացնում են «մզկիթի պահպանում» խորագրի ներքո: Այս փաստին ընդդիմացել են ոչ միայն ճարտարապետներն ու արվեստաբանները, այլ նաեւ ուղղափառ հասարակայնությունը: Ըստ Կոստանդնուպոլսի Պատրիարքարանի տվյալների, Սիլիվրայում 20-րդ դարի սկզբին կար երկու ուղղափառ տաճար, բայց տաճարների գործունեության պատմական փաստաթղթերի մեծամասնությունը հույների արտաքսումից հետո կորել է կամ ոչնչացվել:

No comments: