Wednesday, August 26, 2009

Իսպանիայում հիմնադրվեց առաջին Հայ առաքելական

Սուրբ Գեւորգ եկեղեցին ՀՀ սփյուռքի նախարարությունն իր ստեղծման առաջին իսկ օրերից ձեռնամուխ է եղել Սփյուռքի տարբեր համայնքներում իրականացնել հայապահպանությանը միտված ծրագրեր: Պատմությունը ցույց է տվել, որ հայ համայնքի ձեւավորման, պահպանման եւ զարգացման առաջին նախապայմաններն են Հայ Առաքելական եկեղեցու եւ հայկական դպրոցների գործունեությունը: Չնայած Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են դեռեւս 1992թ., այնուհանդերձ շուրջ 50 հազարանոց հայություն ունեցող եվրոպական այդ երկրում մինչեւ վերջերս չէր գործում որեւէ Հայ Առաքելական եկեղեցի: Վերջերս, Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ, Իսպանիայում հայ համայնքների գծով ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Գասպար Պետրոսյանի եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Բարձրաշնորհ Տ. Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանի հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվեցին Իսպանիայի հայ համայնքի ազգային եւ հոգեւոր-եկեղեցական կազմակերպման եւ զարգացման հիմնախնդիրները: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` նախատեսվում է ձեւավորել Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ժամանակավոր խորհուրդ, որը կգործի Հայրապետական պատվիրակի հովանու ներքո, իսկ մինչեւ թեմական կանոնադրության պաշտոնական գրանցումը, կգործեն Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդներ, որոնք առավելագույնը 6 ամսից կդառնան գործող մեկ մարմին:ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Գասպար Պետրոսյանի անմիջական ջանքերով Բարսելոնի մերձակա Կալոնժե քաղաքի տեղական եկեղեցական իշխանությունների հետ ձեռք է բերվել համաձայնություն 30 տարի ժամկետով վարձակալելու մատուռը: Այն կծառայի իբրեւ Հայ Առաքելական եկեղեցի: Միջերկրական ծովի ափին գտնվող Իսպանիայի Ժիրոնա նահանգի Կալոնժե քաղաքի ենթակառուցվածքը` ժամանակակից ճանապարհներ, միջքաղաքային ավտոբուսային, երկաթգծային հաղորդակցություն, նպաստավոր է: Համայնքը ձեւավորվելու եւ գործելու դեպքում այն կհեշտացնի ապահովել կապը Իսպանիայի տարբեր քաղաքներում ապրող հայության միջեւ: Օգոստոսի 11-ին Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանն այս մատուռում կատարեց առաջին եկեղեցական արարողությունը եւ ներկաներին հայտնեց, որ մատուռը այսուհետ կոչվելու է ՙՀայ Առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցի՚: Այսպիսով կարելի է փաստել, որ հիմք դրվեց Իսպանիայի Թագավորությունում Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը եւ Իսպանիայի բոլոր հայաշատ քաղաքներում սկսել Ամենայն Հայոց Հայրապետի թեմական, ծխական կառույց ստեղծելու ծրագրին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.08.2009թ

No comments: