Thursday, August 27, 2009

ԴԱՇՏԱԳԼՈՐ “ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔ”

«Լրագիր» 29-8-2009- Ղարաբաղի հարցը վաղուց է, ինչ յուրօրինակ լակմուսի թուղթ է դարձել Հայաստանի քաղաքական ուժերի եւ գործիչների համար, թեեւ նրանցից շատերն իհարկե չգիտեն էլ, թե ինչ բան է լակմուսի թուղթը: Բայց դա կարեւոր չէ: Նրանց մեծ մասը շատ ավելի կարեւոր բաներ չգիտի, բայց փոխարենը գիտի մի բան, որ պետք է միշտ համահունչ լինել իշխանության ցանկություններին, որպեսզի կատարվեն սեփական ցանկությունները կամ դրանց գոնե մի մասը: Ղարաբաղի հարցն այդ առումով էլ հենց հատկանշական եւ բնութագրական է Հայաստանի քաղաքական դաշտի համար: Հետեւելով Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին դատողություններին, թե քաղաքական գործիչների, թե քաղաքագետների, թե տարատեսակ մեկնաբանների զգալի մասի դատողություններին, պարզորոշ կարելի է տալ Հայաստանի քաղաքական տարածության բնութագիրը կամ ախտորոշումը՝ դաշտագլորոմանիա: Քլորոպրենի հետ այն ոչ մի կապ չունի: Դաշտագլորը մի բույս է, որն այնքան թույլ արմատներ ունի, որ թեթեւ քամին անգամ նրան տեղաշարժում է մի տեղից մյուսը: Ռուսներն այդ բույսին ասում են “перекати-поле”: Ղարաբաղի հարցում Հայաստանի քաղաքական, քաղաքագիտական եւ հարակից բոլոր մտքերը թերեւս գտնվում են հենց այդ՝ դաշտագլոր կարգավիճակում: Մի օր մի բան են ասում, հետո տեսնում են, որ այդ ասածն իշխանության ուզածի հետ չի բռնում, ասում են մեկ այլ բան, հետո սկսում են կասկածել, որ իշխանության համար այդքան էլ հասկանալի չեն ասել, ու նորից են ասում: Իշխանությունն էլ երեւի թե սկսում է կասկածել, որ մի բանը երկու անգամ են ասում, տեսնես ինչու, չլինի իրեն անհասկացողի տեղ են դրել, թե բացի իրենից ուրիշ մեկի համարել են ասում: Ընդդիմադիր տրամադրված ուժերն ու գործիչներն էլ ասում են այդ ամենի հակառակը, ինչ էլ լինի հակառակը, բայց նույն իմաստով: Այսինքն, ասենք թե ասում են, որ տարածք պետք է զիջել, բայց ոչ այնպես, ինչպես իշխանությունը, ու ոչ այդքան, ինչքան իշխանությունը, ու ոչ այն, որը որ իշխանությունը, ու մասնավորապես՝ ոչ, թեեւ ընդհանրապես այո: Ու այդպես դաշտագլորվում է 21-րդ դարի հայ քաղաքական միտքը իր քաղաքագիտա-մեկնաբանական աքսեսուարներով, մի օր ստանձնելով անզիջում բանակցողի, մյուս օրը բորսայական դիլլերի դեր, բայց բոլոր դեպքերում սպառնալով հասարակությանը, որ եթե սա չլինի, ապա պատերազմ կլինի: Ու ստացվում է, որ Ղարաբաղի հարցում եթե իշխանության ուզածն ու ասածն էլ չլինի՝ վերջը պատերազմ է, եթե ընդդիմության ուզածն ու ասածն էլ չլինի, վերջը պատերազմ է: Ստացվում է երկու վախ, իսկ երկու վախը, ինչպես հայտնի է՝ մի մահ է: Ահա թե ինչու է Հայաստանի քաղաքական միտքը, հատկապես Ղարաբաղի հարցում, պարզապես մեռած: Երկու վախը՝ իշխանական եւ ընդդիմադիր, դրանից բացի ուրիշ տեղ չէր տանելու: Ուրիշ տեղը պետք է լիներ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բազմաշերտ հասարակական-քաղաքական բանավեճի նախաձեռնումը, արտահայտվելու համար կողմերին հավասար հնարավորությունների ընձեռմամբ: Այդ բանավեճը պետք է հասարակության մոտ կարծիք ձեւավորեր, թեեւ դրանից առաջ նախ պետք է պատկերացում ձեւավորեր, ընկալելի դարձներ Ղարաբաղի հարցի բուն էությունը ներկայիս ժամանակահատվածի եւ ապագայի համար, բացատրեր հանրությանը, որ Ղարաբաղի հարցը բեռ չէ, որից պետք է ազատվել, այլ անվտանգության խնդիր է, որը պետք է լուծել: Թվում է, թե այդ ամենը պարզունակ դատողություններ են, տրիվիալ ճշմարտություններ, որոնք հնչեցնելը միամտություն է: Բայց խնդիրն այն է, որ Ղարաբաղի հարցի առումով Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն ինչ կարծես թե պետք է հենց այդ պարզունակից ու տրիվիալից էլ սկսել, որ տարածքների հանձնման մասին մտահոգությունը չհամարվի “գավառական վախ”, կամ որ Հայաստանի համեմատ Ադրբեջանում հանձնողական տրամադրությունների բացակայությունը չբացատրվի նրանով, որ “մենք հաղթել ենք” ու դրա համար խոսում ենք հանձնելուց, իսկ ադրբեջանցիները պարտվել են, դրա համար էլ անզիջում են: Այդպես կարելի է դատել բակային ֆուտբոլի ժամանակ, երբ մի թիմը հաղթում է 15:2 եւ ավելորդ է համարում մեկ կամ երեք գոլի համար կռիվ անելը, որովհետեւ հաշիվը շատ-շատ դառնա 15:5, ոչ ավելի: Բայց Ղարաբաղի հարցում պետական, հասարակական դիրքորոշումների մասին դատել բակային ֆուտբոլի մակարդակով, դա ոչ միայն անթույլատրելի է, այլ վտանգավոր: Մի անգամ գրել եմ, կրկնում են նորից: Տարածքները պահելու մոտեցումը ոչ բոլորի մոտ է պայմանավորվում միայն “ոչ մի թիզ հող” ազգային ռոմանտիզմի առկայությամբ: Տարածքները աշխարհագրական, քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմավարական գործոն են: Հետեւաբար դրանք զիջելու հարցը եթե նույնիսկ քննարկելի է հասարակական-քաղաքական մակարդակով, ապա պետք է արժանանա ընդգրկուն եւ խորը քննարկման, հիշյալ բոլոր հարթություններին համարժեք մասնագիտական բազմակողմանի ուսումնասիրությունների եւ դիտարկումների հիման վրա: Հակառակ պարագայում դաշտագլորությունը սպառնում է արդեն ամբողջ պետությանը, եթե իհարկե այդ սպառնալիքը դեռ մի քիչ հեռու է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: