Monday, August 24, 2009

Հունաստանում չեն կարողանում պայքարել հրդեհների դեմ

Tert.am.24-8-2009- Հունաստանում արդեն մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհները գրեթե հասել են Աթենքին, հաղորդում է Euronews-ը: Հրշեջներն ուղղակիորեն խոստովանում են, որ չեն կարողանում աղետի վերահսկողությունը իրենց ձեռքը վերցնել, քանի որ դրա համար բավարար ուժեր չունեն: Հրշեջներին օգնելու համար նրանց է կցվել 340 զինվորից բաղկացած զորամիավորում, և ավելի քան 100 տարբեր կարգի տեխնիկական մեքենաներ: Արևելյան Աթիկայի պաշտոնյաներն արտակարգ իրավիճակ են հայտարարել աղետի գոտում: Տարհանվել են տեղի երկու հիվանդանոցներ, ինչպես նաև մի քանի մանկական ճամբարներ: Ուժեղ քամիները, որոնց ուղղությունն անընդհատ փոփոխվում են, ինչպես նաև օդի չափազանց բարձր ջերմաստիճանը, բարդացնում են հրշեջների և կամավորների աշխատանքը: Զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Հունաստանի իշխանությունները լուծում են մարդկանց զանգվածային-ստիպողական տարհանման հարցը: Անտառային հրդեհները սպառնում են նաև հարված հասցնել հակահրթիռային պաշտպանության ռազմական բազաներից մեկին: Այժմ այնտեղից տարհանում են հրթիռներ և ռազմական նշանակության այլ տեխնիկա: Հրդեհների առաջխաղացումը կանգնեցնելու նպատակով Հունաստանին իրենց աջակցությունն են ցուցաբերում Իտալիան, Ֆրանսիան և Կիպրոսը, որոնք հրշեջ ինքնաթիռներ են ուղարկել Հունաստան:

No comments: