Wednesday, August 26, 2009

ՀՆԴԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ ԵՎ ՀՄՃ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԵՆԳԱԼԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՀԵՏ

Օգոստոսի 24-ին Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանը հանդիպեց Արեւմտյան Բենգալիայի նահանգապետ Գոպալկրիշնա Գանդիի հետ: Հանդիպման ընթացքում Հայր Խորենն անդրադարձավ հնդկահայ համայնքի արդի վիճակին եւ ճեմարանի առօրյային: «Հնդկաստանի Հանրապետությունն աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրներից է, եւ ահա Աստծո կամքով եւ օրհնությամբ այժմ ապրում եւ հոգեւոր ծառայությունս եմ բերում նման հարուստ եւ բազմերանգ մշակույթ ու լեզուներ ունեցող երկրում: Հնդկահայերը հպարտ են` լինելով նման հյուրընկալ պետության քաղաքացիներ, մշտապես վայելելով կառավարության բարեհաճությունը: Հնդկահայերը երախտապարտ են, որ պահպանում են իրենց ավանդույթները եւ ազատություն ունեն աղոթելու ու պաշտելու իրենց Աստծուն, ինչպես նաեւ դաստիարակելու եւ կրթություն տալու հայ աշակերտներին Հայոց Մարդասիրական ճեմարանում: Այս ամենի համար երախտապարտ ու շնորհակալ ենք Հնդկաստանի Հանրապետության հյուրընկալ եւ ժողովրդավար կառավարությանը»,- նշեց Հայր Սուրբն իր խոսքում: Պատասխան խոսքում Բենգալիայի նահանգապետը շնորհակալություն հայտնեց Հայր Սուրբին այցելության համար եւ անդրադարձավ Հնկաստանի եւ մասնավորապես Բենգալիայի կյանքում հայերի խաղացած մեծ դերակատարությանը: Նա իր հիացմունքն արտահայտեց Կալկաթայի 300-ամյա Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու մասին` նշելով, որ վերջինս ավելի հին է, քան նահանգապետի պալատը: Տիար Գանդին նաեւ իր ուրախությունն արտահայտեց 188-ամյա Հայոց Մարդասիրական ճեմարանի համար` քաղցրությամբ հիշելով ճեմարանի 185-ամյակին իր մասնակցության եւ ստացած վառ տպավորությունների մասին:

No comments: