Monday, August 24, 2009

Դատախազությունը մեկին գտել է

Մեղադրանք է առաջադրվել քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու համարA1+- 21-8-2009- ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Միջոցներ են ձեռնարկվում հայտնաբերելու մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում մեկ քաղաքացու, ավելի ուշ՝ Մաշտոցի պողոտայի շուկայի մոտից երկու քաղաքացու բերման ենթարկելիս նրանց նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանության աշխատակիցներին: Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառած, հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածներ հասցրած ոստիկաններից մեկի ինքնությունը: Նախաքննության տվյալներով քաղաքացու նկատմամբ բռնություններ է կիրառել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ջոկի հրամանատար Գեղամ Հարությունյանը, ում, ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Որոնողական աշխատանքներ են կատարվում ոստիկանի կողմից բռնությունների ենթարկված քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նախաքննությունն իրականացնող մարմինը խնդրում է բոլոր նրանց, ովքեր ականատես են եղել նշված միջադեպերին, տուժել են ոստիկանության աշխատակիցների գործողություններից կամ տեղեկություններ ունեն, հայտնել իրավապահ մարմիններին:

No comments: