
Tert.am 24-8-2009- «Ճանապարհային քարտեզը ստորագրելով՝ թուրքերը ցույց տվեցին, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունները որոշ չափով նորմալացնել, չեմ ասում լրիվ: Այնպես որ, հիմա նախագահը կգնա, չի գնա՝ սա այնքան կարևոր չէ, կարևորը, որ թուրքերը, իմ կարծիքով, այս պահն օգտագործում են Հայաստանից զիջումներ կորզելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք նախագահ Սարգսյանը պետք է մեկնի Թուրքիա, թե ոչ:
Շարունակելով՝ Սաֆրաստյանն ասել է, որ այսօր այդ հանգամանքն այնքան էլ կարևոր չէ, կարևորը, որ Թուրքիան, ըստ նրա, ցանկանում է կամ ստիպված է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ ու այս ընթացքն օգտագործում է հայկական կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և ղարաբաղյան բանակցային գործընթացներից զիջումներ կորզելու համար:
Անձնապես իր կարծիքը հայտնելիս, Սաֆրաստյանն ասել է, որ ինքը կցանկանար, որ նախագահ Սարգսյանը չհրաժարվեր իր խոստումից և Թուրքիա մեկներ այն դեպքում, երբ սահմանները բաց լինեն կամ Հայաստանը լինի ապաշրջափակման նախաշեմին:
Նախագահ Սարգսյանի՝ Թուրքիա մեկնելու մասին հայտնի հայտարարության մասին ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշել է, որ Հայաստանի նախագահի հայտարարությունն անսպասելի է եղել Թուրքիայի համար, որովհետև, ըստ նրա, Թուրքիան սովոր չէ Հայաստանի իշխանություններից նման կտրուկ հայտարարություն լսել:
Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, թուրքագետը կարծիք է հայտնել, որ այն մոտ ապագայում կբացվի, սակայն մինչ ֆուտբոլային հանդիպումը հայ-թուրքական սահմանը լրիվ չի բացվի. հնարավոր է ինչ-որ ռեժիմ սահմանվի:
No comments:
Post a Comment