Tert.am.29-8-2009- Ամերիկայի Միացյալ Նահագների ատլանտյան խորհրդի անդամ Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, ով այժմ աշխատում է Քրդական հարցի լուծմանը նվիրված զեկույցի վրա, մինչ այդ զբաղեցրել է ԱՄՆ հայ-թուրքական հարաբերությունները համակարգող խորհրդի նախագահի պաշտոնը։
Այս մասին թուրքական ANKA գործակալությանը հայտնել է Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին դեսպան Օնուր Օյմենը։ Վերջինս կարծում է, որ այդ քայլն ապացուցում է, որ Թուրքիայի կառավարությունը հանձն է առնում բոլոր քայլերը օտար պետությունների ներգործության տակ։
Բացի այդ, Օյմենը հայտնել է, որ այդ հայ-թուրքական հանձնաժողովի երեք թուրք անդամներ իրենց մտահոգությունն են հայտնել կազմակերպության գործունեության վերաբերյալ և հրաժարական են տվել։ Սակայն, Օյմենի համաձայն, կազմակերպության մյուս անդամները նախապատրաստել են «Ճանապարհային քարտեզը» և ներկայացրել այն երկու երկրների կառավարություններին։
Թուրք ընդդիմադիր գործիչը նաև նշել է, որ չնայած «Ճանապարհային քարտեզի» մանրամասները հրապարակավ չեն ներկայացվել, այնուամենայնիվ, որոշ աղբյուրների պնդմամբ՝ այն արտացոլում է հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման գաղափարը։«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ մի նախապայմանների մասին չի խոսել Թուրքիայի խորհրդարանում կայացած իր ելույթի ժամանակ, սակայն նա ցանկանում էր, որպեսզի Թուրքիան բացի սահմանները և բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ։ Օբամայի ելույթից հետո Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներն իրենց օժանդակությունը հայտնեցին ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը։ Սակայն երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակառակվեց դրան, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապեց Ադրբեջան և այնտեղ հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախդնրի կարգավորման»,- ընդգծել է թուրք պատգամավորը։
Sunday, August 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment