Sunday, August 30, 2009

“ԵՎ ԱՇՈՒՆՆ ԷԼԻ, ՉԱՐՉԻՆԵՐԻ ՊԵՍ ՈՒ ԲՈՇԱՆԵՐԻ”

«ԼՐԱԳԻՐ» -28-8-2009- Ինչպիսին կլինի քաղաքական աշունը: Այդ հարցին արդեն վարժվել են բոլորը: Նույնիսկ եթե բոլորին հայտնի է դրա պատասխանը, միեւնույն է, հարցը տալիս են, սրբազան պարտքի նման, որ հանկարծ ահեղ դատաստանի օրը չստացվի, որ այդ հարցն իրենք չեն տվել: Բայց “ահեղ դատաստանի” ժամանակը հաստատ աշունը չէ: Աշունը հաստատ կանցնի այնպես, ինչպես անցան գարունն ու ամառը, քանի որ գրեթե բոլոր քաղաքական սուբյեկտները աշնանային զարգացումները պայմանավորում են հայ-թուրքական հարաբերության կամ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներով կամ` գործընթացով: Իսկ դա նշանակում է, որ աշնանը Հայաստանում կլինեն նույն քաղաքական կրքերը, ինչ որ եղան գարնանն ու ամռանը, որովհետեւ հայ-թուրքական հարաբերության կամ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում եթե իրավիճակը Հայաստանի համար չլավանա, ապա հաստատ չի էլ վատանալու, որ առաջ բերի ներքաղաքական սուր իրավիճակի նախադրյալներ: Թե հայ-թուրքական հարաբերության, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով իհարկե կլինեն որոշակի զարգացումներ, կլինեն նոր հանդիպումներ տարբեր մակարդակներով, Սերժ Սարգսյանը Թուրքիա կգնա, կամ չի գնա: Այդ ամենը չեն ունենալու այնպիսի բեկումներ, որոնք լուրջ ազդեցություն ունենան ներքաղաքական կյանքի, դրա հանդեպ հանրային ուշադրության աճի վրա: Այդ պոտենցիալը չկա նաեւ տնտեսական անկման առումով: Անկումն իհարկե մեծանում է, սակայն այն աշնանը հաստատ չի հասնի մի կետի, որը կարող է բեկումնային լինել հանրային տրամադրությունների առումով: Առավելագույնը, որ կլինի, այն է, որ քաղաքականության սուբյեկտները, որոնք իշխանություն չեն` անկեղծ կամ հայտարարված ընդդիմություն են, կկանխատեսեն հերթական անգամ, որ այ գարնանն արդեն տնտեսական պայթյունը կլինի անխուսափելի: Բայց թերեւս ոչ մի բան էլ չի լինի, որովհետեւ էլի մի քանի միլիոն վարկ կստացվի, ինչն իհարկե Հայաստանը դնում է վարկային բեռի լուրջ ծանրության տակ, բայց փոխարենը իշխանությանն ազատում է սոցիալական բունտի ծանր սպասելիքից: Իսկ իշխանության համար դա է կարեւոր, ոչ թե Հայաստանի վարկային բեռը: Այնպես որ, աշնանը ներքաղաքական աշխուժության բանալին ոչ թե արտաքին իրադարձությունների ձեռքում է, այլ ներքաղաքական սուբյեկտների: Եթե նրանք իրենց ներքին գործն անելու համար սպասում են արտաքին լուրջ ձախողումների, ապա կարող են հանգիստ գնալ տուն, քանի որ այդպիսիք չեն լինելու, համենայն դեպս առաջիկա ամիսների ընթացքում: Ավելին, եթե այդ սուբյեկտները չկարողացան ներքաղաքական աշխուժության համար օգտագործել արդեն իսկ եղած արտաքին ձախողումները, ապա նոր ձախողումներ լինելու դեպքում էլ չեն կարողանալու դրանց վրա կառուցել ներքին աշխուժությունը կամ դրա փորձերը: Այնպես որ, ներքաղաքական սուբյեկտները նախադրյալներ պետք է փնտրեն իրենց մեջ, գոնե դրանով տարբերվելով իշխանությունից, որն ամեն հարցի պատասխանը կամ ամեն իրավիճակից ելքը փնտրում է արտաքին դաշտում, դա հետո ծառայեցնելով ներքին քարոզչությանը: Իսկ թե ինչպես պետք է փնտրեն, դա արդեն կախված է նրանց շնորհքից: Պարզ է, որ դժվար է, բարդ է, բայց հենց դա է պատճառը, որ քաղաքականությունն ու քաղաքական պայքարն ամեն մարդու բան չէ, թեեւ Հայաստանում դրանով զբաղվում է կարծես թե “ամեն” մարդ: Դրա համար էլ հայկական քաղաքականությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս եղած հարցերին: Ի վերջո, “ինչպիսի քաղաքական աշուն կլինի” հարցին թերեւս մնում է պատասխանել. “կլինի ինչպիսի քաղաքական աշուն”: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: