Monday, September 14, 2009

Դաշնակցականները հացադուլ ու նստացույց են սկսում սեպտեմբերի 15-ից

News.am-14-9-2009- Դաշնակցությունը սեպտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին ՀՀ կառավարության և ԱԳ նախարարության շենքների դիմաց անց է կացնելու նստացույց և հացադուլ: Ինչպես հայտնում է ՀՅԴ Գերագույն Մարմինը, ակցիան անց է կացվելու Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումների շրջանակում: Միաժամանակ տեղի կունենա ստորագրահավաք: Հետաքրքիր է, ոստիկանությունը կխոչընդոտի՞ այդ ակցիաները, ինչպես ՀԱԿ-ի դեպքում, թե՞` ոչ: «Այս գործողությունների նպատակն է մերժել պարտադրվող նախապայմանները, պահանջել հայության շահերը վտանգող փաստաթղթերի դրույթների վերանայում»,-ասված է ՀՅԴ հաղորդագրության մեջ: Կուսակցության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ իշխանությունները հրապարակել են հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերի փաթեթը: Հանրությանը հավաստիացվում է , որ փաստաթղթերը չեն պարունակում որևէ նախապայման: Իրականությունը սակայն բոլորովին այլ է: Նախաստորագրված բոլոր փաստաթղթերում քողարկված ձևով առկա են մեր պետության և ժողովրդի համար խիստ վտանգավոր թուրքական նախապայմանները: Ըստ էության. - ճանաչվում է հայ-թուրքական ներկա սահմանը՝ վերահաստատելով երկկողմանի նախկին պարտավորությունները: Այսինքն՝ անուղղակիորեն կատարվում է Կարսի պայմանագիրը ճանաչելու թուրքական պահանջը: - հայ-թուրքական պատմական հարթության երկխոսություն սկսելու, այդ թվում՝ արխիվներն ուսումնասիրելու ենթահանձնաժողովի ձևավորման դրույթով վտանգ է ստեղծվում կատարելու թուրքական հաջորդ նախապայմանը ՝ Ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելու դրույթը: - թուրք բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններով սահմանի բացումը փոխկապակցվում է Արցախի հարցում առաջընթաց արձանագրելու հետ, որը թուրքական կողմի պատկերացմամբ ենթադրում է ազատագրված տարածքները վերադարձնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու դրույթը: Հայրենակիցնե′ ր Դեմ չլինելով սահմանը բացելու և հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը, վճռական ոչ ասենք սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության և ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող քողարկված նախապայմաններին՝ պահանջելով արմատական փոփոխության ենթարկել նախաստորագրված փաթեթը»:

No comments: