Ինչպե՞ս էր սպանվելու հայոց պատրիարքը
«ԱԶԳ», 29-09-2009- «Էրգենեքոնի» երրորդ ամբաստանագիրը մերկացրել է նաեւ հայոց Մեսրոպ պատրիարքի դեմ ծրագրված մահափորձի մանրամասնությունները:
Կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթից (որն իր հերթին լուրը «Մարմարայից» է արտատպել) տեղեկանում ենք, որ, համաձայն ծրագրի, պատրիարքը սպանվելու էր կազմակերպության անդամների կողմից` տանիքների վրա տեղադրված երկու «ԼԱՎ» մակնիշի հրացաններով, որոնք սովորաբար օգտագործվում են հրասայլեր շարքից հանելու համար:
Ծրագրի մանրամասնությունները ձեռք են բերվել ամբաստանյալներից մեկի` Իբրահիմ Շահինի տանը կատարված խուզարկումների ընթացքում: Մահափորձի համար նախատեսված են եղել հետեւյալ հանգրվանները:
1) Ճշտել պատրիարքի եկեղեցի մուտքի ու ելքի ժամկետը, որոնք ծրագրում նշվել են ԵԺ (ելքի ժամ) եւ ՎԺ (վերադարձի ժամ) սկզբնատառերով: Իսկ մահափորձի գործադրության ժամը` ԳԺ (գործողության ժամ) սկզբնատառերով:
2) Ապահովել երկու «ԼԱՎ» հրացանների տեղադրումը ծրագրում նշված 2 շենքերի տանիքների վրա: Դրանք պետք է տեղադրված լինեին շենքերիՙ դեպի Սեւգի փողոց նայող կողմերում, կղմինդրների տակ:
3) Գործողության կատարման օրը դիտարկելու պարտականություն ստանձնած անդամը թիրախի վերաբերյալ տեղեկություն պետք է հաղորդեր իր ղեկավարին:
4) ԳԺ-ից 15 վայրկյան առաջ «դդդդ» անունը կրող անդամն իր տեղն էր զբաղեցնելու առաջին շենքի, իսկ «էէէէ» անունը կրող անդամը` երկրորդ շենքի մոտակայքում:
Հստակեցնելու համար, որ ամեն ինչ ապահով էր, «դդդդ-ն» իր ժամացույցն էր ցուցադրելու` պարզելով աջ ձեռքը, իսկ «էէէէ»-ն աջ ձեռքով ծխախոտ էր ծխելու` գրպանում պահելով իր ձախ ձեռքը: Որեւէ տարբեր շարժում երկուսի կողմից նշանակելու էր, որ վտանգ կա: Այնուհետեւ ԳԺ-ից տասը վայրկյան առաջ «ֆֆֆֆ»-նՙ առաջին շենքի, իսկ «կկկկ»-ն երկրորդ շենքի վրա իրենց տեղերն էին գրավելու եւ Սեւգի փողոցը վերցնեին իրենց հրացանների հսկողության ներքո:
5) Երբ թիրախը հայտնվեր փողոցում, առաջին ահաբեկիչը կրակելու էր նրա վրա, իսկ երկրորդը` այս ու այն կողմ, ըստ բախտի, պարզապես աղմուկ ու շփոթ առաջացնելու նպատակով:
Գործողությունը իրականացնելուց հետո երկուսն էլ պետք է հեռանային վայրից: Հաղորդակցությունը կատարվելու էր միայն ղեկավարի կողմից, անդամներին տրամադրված գրպանի բջջայինների օգնությամբ:
Տարբեր աղբյուրների դիտարկումներով, գործողությունը պիտի կատարեր «Էմինոնյու» շրջանի խմբակցությունը: Ըստ «Ենի շաֆաք» թերթի տեղեկության, Իբրահիմ Շահինը, որի մոտ գտնվել են այդ փաստաթղթերը, Ֆաթմա Ջենգիզի հետ կապ հաստատելով, ասել էր նրան. «Ես հայերի դեմ հիմնված առաջին կազմակերպության պետն եմ»: Մեկ ուրիշ անգամ էլ նա ասել էր. «Պարտականություն կա, որ մի հայ պետք է սպանվի»:
Հայտնաբերված թղթերի համաձայն` նմանօրինակ մի մահափորձ էլ ծրագրված է եղել Սվազիում ապրող Մինաս Դուրմազգյուլերի դեմ:
Ամբաստանագրում նշված է եղել, որ Իբրահիմ Շահենի կազմակերպությունը մի շարք մարդկանց վարձելով` նրանց հանձնարարել է տեղեկություններ հավաքել որոշ հայերի մասին:
No comments:
Post a Comment