Tuesday, September 29, 2009

Հազարավոր հայեր բողոքի ակցիա են արել Գլենդեյլում

News.am- 28-9-2009-Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ նախօրեին բազմահազարանոց (որոշ տվյալներով՝ մոտ 10 հազարանոց) բողոքի ակցիա է անցկացվել ամերիկյան Գլենդելում (Լոս-Անջելեսի հյուսիսային արվարձանը), որտեղ մեծաթիվ հայեր են բնակվում: Ինչպես հայտնում է GlendaleNews Press պարբերականը, ակցիան անցկացվել է Պելանկոնի այգում եւ հարակից փողոցներում: Պարբերականը նշում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը, նաեւ երկկողմ հարաբերությունների մասին արձանագրությունը՝ «ճանապարհային քարտեզի» մի մասն են: Այդ փաստաթղթերը պետք է վավերացման դրվեն երկու երկրների խորհրդարաններում:Միջոցառումը կազմակերպվել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար-ազատական կուսակցությունների, երիտասարդ հայերի միացյալ միության կողմից: Միջոցառմանը ժամանել են հայեր ողջ Կալիֆոռնիայից, նաեւ հարեւան նահանգներից: 37 ավտոբուսներ մարդկանց էին բերում, մինչ հարակից փողոցների երթեւեկությունը կանգնեցվել էր ոստիկանության կողմից: Մասնակիցները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել արձանագրությունների դեմ: «Չհանձնվել Թուրքիային», երգել են նրանք հայերենով եւ վանկարկել. «Վեր կաց եւ պայքարիր մինչեւ վերջ»: Պարբերականը նշում է, որ արձանագրություններում ամենավիճահարույց հարցը պատմական ենթահանձնաժողովի ստեղծումն է, որը կարող է կասկածի տակ դնել Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության փաստը:

No comments: