Tuesday, September 29, 2009

ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստտաշրջանի ընդհանուր քննարկումներին

28 սեպտեմբերի, 2009թ., Նյու Յորք Պարոն նախագահ, Նախ, կցանկանայի իմ ջերմ շնորհավորանքները փոխանցել Ձեզ` պարոն Թրեկի, գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, եւ մեր պատրաստակամությունը հայտնել` աշխատելու Ձեզ հետ այս նստաշրջանում մեզ սպասվող մեծ օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ: Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել նաեւ նախկին նախագահ Բրոքմանին` անցյալ նստաշրջանի ընթացքում ջանասիրաբար աշխատելու համար: Պարոն նախագահ, Գլխավոր ասամբլեայի յուրաքանչյուր նոր նստաշրջան հնարավորություն է ընձեռում միմյանց ներկայացնելու մեր ձեռքբերումները եւ մտահոգությունները, ինչպես նաեւ միավորելու մեր ջանքերը մեր առջեւ դրված համաշխարհային օրակարգն առաջ մղելու համար: Մենք իրապես բարդ ժամանակաշրջան ենք ապրում: Այս տարի մենք բոլորս տուժեցինք ֆինանսական ճգնաժամի ազդեցությունից: Ճգնաժամը հասավ աշխարհի յուրաքանչյուր անկյունն ու տնտեսության յուրաքանչյուր ճյուղին: Աշխարհի շատ երկրներ աննախադեպ տնտեսական անկում գրանցեցին, ինչը լրջորեն վտանգում է դժվար ձեռք բերված հաջողությունների պահպանումն ու մինչեւ 2015թ. Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու հեռանկարը: Հայաստանը, եւս, զերծ չմնաց շարունակվող ֆինանսական ճգնաժամի ծանր հետեւանքներից: Այնուհանդերձ, Հայաստանի իշխանություններն արեցին հնարավորը` ապահովագրելու սոցիալապես խոցելի խմբերին այդ հետեւանքներից: Սոցիալական սեկտորի բյուջետային հատկացումների որեւէ կրճատում չիրականացվեց: Պարոն նախագահ, Մենք կարծում ենք, որ մեր նախաձեռնություններում մենք, նախ եւ առաջ, պետք է առաջնորդվենք ճգնաժամի մարդկային վնասները նվազեցնելու ձգտումով, որպեսզի խուսափենք դրա` մարդու անվտանգության վրա ունեցած լուրջ հետեւանքներից: Մենք համոզված ենք, որ հավասարաչափ գլոբալ առողջացումը պահանջում է բոլոր պետությունների լիարժեք մասնակցությունը ճգնաժամին համարժեք լուծումների առաջադրման գործում` անկախ նրանց չափից կամ զարգացման մակարդակից: Եվ մենք պետք է համախմբվենք այստեղ, այս համաշխարհային կառույցում, կայացնելու որոշումներ, որ կօգնեն մեզ հաղթահարելու անցյալն ու կառուցելու ապագան, քանի որ մեր ժողովուրդների երազանքների ու առկա հեռանկարների միջեւ դեռեւս խորը վիհ կա: ՄԱԿ-ի հիմնադրամները, ծրագրերը եւ գործակալությունները, իրենց մանդատների շրջանակներում, կարեւոր դերակատարում ունեն ազգային առաջնայնություններին ու ռազմավարություններին համապատասխան զարգացումն առաջ մղելու գործում` Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար: Մենք հասկանում ենք, որ այս նպատակները, որոնց հասնելու համաձայնեցված վերջնաժամկետը 2015թ. է, հսկայական ջանքեր են պահանջելու: Գլխավոր ասամբլեան կշարունակի զբաղվել այս հարցով վաթսունչորսերորդ նստաշրջանի ընթացքում, իսկ Հայաստանը պատրաստ է իր ներդրումը բերելու 2010թ. սեպտեմբերին գումարվելիք բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստական գործընթացին: Պարոն նախագահ, Մենք ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացը մեկնարկեցինք ներկայիս աշխարհն արտացոլող կառույց ունենալու եւ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու` վերջինիս կարողություններն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Հայաստանը հանձնառու է Միավորված ազգերի կազմակերպության կառուցակարգային կարողություններն ամրապնդելու գործին, օժանդակում է ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին եւ պատրաստ է իր ներդրումը բերել այդ հարցում: Մեզ հաջողվեց մի քանի կենսական որոշումների, այդ թվում Խաղաղարարության հանձնաժողովի ու Մարդու իրավունքների խորհրդի ստեղծման շուրջ համաձայնության հասնել: Մենք նպատակ ունենք էլ ավելի առաջ մղել մարդու իրավունքների պաշտպանությունը` համաձայն անդամ պետությունների հանձնառությանների, եւ կարծում ենք, որ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում անկեղծ քննարկումներն առկա խնդիրների շուրջ եւ փորձի փոխանակումը դրանց հաղթահարման ուղղությամբ` արդարեւ հաջողության հասնելու ուղին է: Պարոն նախագահ, Մենք ցեղասպանության կանխարգելումն ու պաշտպանելու պատասխանատվությունը համարում ենք հիմնարար սկզբունքներ, մարդու անվտանգության համակարգի հիմնասյուներ: Այս առումով մենք ողջունում ենք գլխավոր քարտուղարի «Պաշտպանելու պատասխանատվության իրականացումը» խորագրով զեկույցը, որը նախանշում է ՄԱԿ-ի ուղին` կանխելու ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները` կազմակերպության կարողությունները խթանելու միջոցով: Ինչպես զեկույցում արդարացիորեն նշվում է, ցեղասպանությունները հանպատրաստից տեղի չեն ունենում: Հանցագործները անհանդուրժողականություն ու ատելություն են սերմանում` պարարտ հող ստեղծելով բռնությունների համար: Որպես ցեղասպանության վերապրածներ, մենք` հայերս ողջունում են բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են ռասիստական ու այլատյացության տրամադրությունների կանխմանն ու դրանց դեմ պայքարին: Մենք արել ենք ու կանենք ամեն ինչ ցեղասպանության կանխարգելման շարունակական քարոզչության համար: Միջազգային հանրությունն աչալուրջ պիտի լինի այսպիսի իրավիճակների ու իրադարձությունների զարգացման հանդեպ, եւ կարողանա իր կարողությունները գործի դնել` ժամանակին քայլեր ձեռնարկելու` կանխելու ապագա ողբերգությունները: Պարոն նախագահ, Մենք զինաթափումն ու սպառազինությունների չտարածումը համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության համակարգերի կարեւորագույն տարր ենք համարում: Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք ու աշխատենք ոչ միայն սպառազինությունների չտարածման ու միջուկային զենքի վերացման ուղղությամբ, այլեւ որոշ պետությունների ռազմական նկրտումների դեմ: Բացարձակապես անընդունելի է, երբ հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքներ են հնչում ամենաբարձր մակարդակով, եւ դրանք արժանի պատասխան չեն ստանում միջազգային հանրության կողմից: Լեռնային Ղարաբաղի գործընթացը, որը բանակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, առաջ է ընթանում: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ու արտաքին գործերի նախարարները կանոնավոր կերպով հանդիպում են քննարկելու հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքները: Հայաստանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործում առաջընթացի հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է պարտավորվեն զերծ մնալ քայլերից, որոնք կարող են խաթարել երկխոսությունը կամ խոչընդոտել խաղաղ գործընթացը: Միջազգային ասպարեզում Ադրբեջանը, ինչպես երկու օր առաջ այս ատյանում, շարունակաբար խեղաթյուրված է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը` փորձելով կոծկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ իրականացված էթնիկ զտումներն ու վարած բռնության քաղաքականությունը: Միջազգային հանրությունը հիշում է ԼՂ դեմ Ադրբեջանի ծավալած բացահայտ ագրեսիան, լայնածավալ ռազմական գործողություններն ու պատերազմը` նաեւ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությամբ: Այն խլեց բազմահազար մարդկային կյանքեր: Մենք հավատացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար լուրջ հիմքեր կան, եթե կիրառվեն Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջեւ 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրի, 2008թ. դեկտմբերի 4-ին Հելսինկիում ՄԽ համանախագահների արված հայտարարության ու 2008թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ բոկոր 56 անդամ պետությունների կողմից Հելսինկիում ընդունված հայտարարության սկզբունքները: Ըստ այս փաստաթղթերի, կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն բանակցությունների միջոցով հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա: Հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ բանակցություններն ընթանում են ներկայումս, խարսխված են միջազգային իրավունքի հիմնասյուների վրա, որոնք ամրագրված են այս կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի մեջ ու այլ միջազգային փաստաթղթերում: Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքները հավասարապես կիրառելի են: Ոմանք երկար ժամանակ փորձում էին ժողովուրդների ինքնորոշման գաղափարի կարեւորությունը նսեմացնել որպես միջազգային իրավունքի համակարգում երկրորդական սկզբունքի, որը պակաս կարեւոր է, քան «տարածքային ամբոջականության» սկզբունքը: Ես ստիպված եմ հիասթափեցնել երկակի չափանիշներ քարոզողներին. ինքնորոշումն միջազգային իրավունքի անվերապահ դրույթ է, այն ազատության մասին է, ցանկացած ժողովրդի ազատությունն է` իր ապագան ու ճակատագիրը որոշելու, հավաքական իրավունքները պաշտպանելու, երբ այդ իրավուքներն ու ապագան վտանգված են: Եթե ինքնորոշման իրավունքը ստորադասվեր տարածքային ամբողջականությանը, ՄԱԿ-ում միայն 52 անդամ պետություն կլիներ, այսօրվա 192-ի փոխարեն: Պարոն նախագահ, Հարեւան պետությունների միջեւ վստահությունն ու միմյանց հաշվետու լինելը տարածաշրջանում տեւական համգործակցության ու կայուն անվտանգության երաշխիքներ են: Մենք Հարավային Կովկասում դեռեւս պետք է դրան հասնենք: Մեր տարածաշրջանը, փաստացիորեն, աշխարհի քաղաքական քարտեզի վրա ամենազգայուն թեժ կետերից մեկն է, որը լի է անվտանգության սպառնալիքներով ու վտանգներով: Տարածաշրջանը ցնցվում է հակամարտություններից ու միջպետական լարվածություններից, բաժանարար գծերից ու տնտեսական շրջափակումից: Փակ սահմաններն ու խաթարված հարաբերությունները կենսակերպ են դարձել: Այնուհանդերձ, հույս կա, որ համարձակ քայլերն ու դրանց համարձակ պատասխանը հնարավոր են դարձնում իրավիճակի բարելավումը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ անցյալ սեպտեմբերին սկսվեց նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ու անվանվեց «ֆուտբոլային դիվանագիտություն», խոստանում է արդյունքներ տալ` չնայած բոլոր դժվարություններին: Անցյալ տարվա ընթացքում շվեյցարացի միջնորդների ու միջազգային այլ գործընկերների օգնությամբ մեզ հաջողվել է առաջխաղացում գրանցել Եվրոպայում վերջին փակ սահմանի բացման ու առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Մենք ուզում ենք լիահույս լինել, որ անհրաժեշտ քաղաքական կամքը ի վերջո հնարավորություն կտա ձերբազատվելու անցյալի մտածելակերպից, եւ իմաստությունն ու խիզախությունը կգերակշռեն` վերջին որոշիչ քայլերն անելու համար: Մեզ համար խրախուսիչ էր միջազգային հանրության աջակցությունը: Մենք լավ ենք գիտակցում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը ինչ հիմնարար ու դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի անվտանգության ու կայունության առումով: Պարոն նախագահ, Մենք պետք է ամրապնդենք կապերը ՄԱԿ-ի անդամ պետությունների միջեւ` մշակելով փոխադարձաբար շահավետ եւ համապարփակ անվտանգության ու համագործակցային սխեմաներ: Եվ մեր ընդհանուր նպատակը պետք է լինի բոլորի համար ապահով ու բարգավաճ միջավայրի ստեղծումը: Քաղաքական, տնտեսական, բնապահպանական ու սոցիալական խնդիրներին լուծում տալու համար մենք պետք է մեր ջանքերը, միջոցներն ու քաղաքական վճռակամությունը համախմբենք: Միայն միասնաբար մենք կկարողանանք դիմագրավել այդ մարտահրավերներին ու միջազգային զարգացման օրակարգն առաջ տանել: Շնորհակալություն, պարոն նախագահ:

No comments: